«Հարսանիք թիկունքում» ներկայացումը մեծ էկրան կբարձրանա հենց ապրիլյան պատերազմի օրերին
Հայ թատերասերների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած «Հարսանիք թիկունքում» ներկայացումը շուտով մեծ էկրան կբարձրանա։
Ֆիլմը նկարահանվում է յուրահատուկ ժանրում։ Օրերս էկրանավորման առաջին նկարահանումներն էին իրականացվում Գյումրու դրամատիկական թատրոնում, որտեղ 2018թ. մայիսի 30-ին Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած ներկայացումը առաջին անգամ մեծ իրարանցում առաջացրեց։ Ի դեպ, բարձր գնահատականների արժանացած բեմադրությունը մինչ օրս ավելի շատ անգամներ ներկայացվել է Երևանում, արտասահմանում, քան բնօրրան քաղաքում։ Սա այն ներկայացումն է, որ, իրավամբ կարելի է ասել, վերակենդանացրեց Գյումրու դրամատիկական թատրոնը ու մեծ հեղինակություն բերեց Երևանի ներկայիս փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, ով այդ ժամանակ Գյումրու թատրոնի տնօրենը դարձավ և մեծ ներդրում ունեցավ թատրոնի վերալիցքավորման գործում։
«Հարսանիք թիկունքում» ներկայացումը խաղացվել է արդեն 68 անգամ, ընդ որում՝ լեփ-լեցուն դահլիճներում, վերջին երկուսը Երևանում և Գյումրիում է նախատեսված (հունվարի 27, 28-ին)։
Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա բեմադրված «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, հիշեցնենք, պատերազմի թեմայով է, նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին։ Ներկայացումը թիկունքում ծավալվող գործողություններն է ցույց տալիս, սակայն ոչ ռազմական իմաստով, այլ իրադրային լուծումների, որոնք թելադրվում են մարդկային պարզ ու վեհ մղումներից ելնելով։
Սյուժեի առանձնահատկություններից մեկն այն է, որ ցույց է տալիս ապրիլյան պատերազմի ժամանակ թիկունքում կատարվող իրադարձությունների պայմանականությունները, որոնք փոխում են մարդկային ճակատագրեր։
Սյուժեի հիմքում գյումրեցի ընտանիքի պատմություն է․ պատրաստվում են գերդաստանի միակ արու զավակին ամուսնացնել: Ներկայացվում են ապրիլյան պատերազմի դեպքերը, որ միավորում է հայրենիքից արտագաղթածներին, և թե ինչպես են տղայի հարսանիքին մասնակցելու համար ընտանիքի հարազատները Հայաստան վերադառնում աշխարհի տարբեր ծայրերից։ Հետաքրքրաշարժ է տեսարանը, երբ պատերազմի արդյունքում հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված լքում է հարսնացուին ու հենց հարսանիքից գնում է մարտի դաշտ:
Ներկայացումն էկրանավորելու բեմադրական աշխատանքներն ընթանում են ագրեսիվ տեմպերով, որպեսզի ստեղծագործական թիմը հասցնի ավարտական աշխատանքը մեծ էկրան բարձրացնել Ապրիլյան պատերազմի օրերին։
Պրեմիերան հենց 2020թ. ապրիլի 2-ին է նախատեսված՝ «Մոսկվա» կինոթատրոնում։
«Առ այսօր ներկայացումը բացառիկ մեծ պահանջարկ ունի, բայց էկրանավորման աշխատանքներով պայմանավորված՝ ստիպված ենք լինելու որոշակի դադար վերցնել, վերջինը կխաղացվի հունվարի 27, 28-ին՝ Երևանում և Գյումրիում, որպեսզի թիմը կենտրոնանա նկարահանումների ստեղծագործական աշխատանքի վրա։ Ի դեպ, ֆիլմը գեղարվեստական ժանրում չի նկարահանվելու, բացառիկ է նաև ֆորմատը, որն առաջարկվել է մեզ «Միտոյան» պրոդյուսերական կենտրոնի կողմից։ Առաջարկվեց ներկայացումը հենց այս ձևաչափի մեջ էկրանավորել, այսինքն՝ որպես ներկայացում, ինչպես ժամանակին հեռուստաթատրոնն էր, բայց դարձյալ մի քանի էական տարբերություններով, օրինակ՝ շեշտակի արտահայտված ինչ-ինչ տեսարաններով, հանդիսականի ներկայություն չպիտի զգացվի, և որոշ ֆրագմենտալ փոփոխություններ՝ երաժշտական ձևավորման մասով։
Սյուժետային փոփոխություններ չեն լինի, բնականաբար, բայց սա, ըստ էության, մի բան է, որ ստեղծվում է կինոյի և թատրոնի արանքում՝ խիստ պայմանականություններով օժտված, հետևաբար, ըստ անհրաժեշտության՝ հանդիսականի աչքի համար կինոյի պլանով կլրացվեն որոշ դեկորներ և երաժշտական մասը, քանի որ աչքի հեռավորության և խոշոր պլանի համեմատությունը պիտի այս դեպքում աննկատ դարձվի, այսինքն՝ տեսարաններն ընկալվեն այնպես, ինչպես որ կլիներ կինոդիտողի պարագայում»,- 168.am-ի հետ զրույցում նոր ֆորմատը պարզաբանում է բեմադրող ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ այս ներկայացման էկրանավորման կարիքը կար, քանի որ թեմատիկան հարազատ է բոլոր միջավայրերին, ու պահանջարկը գնալով ավելի ու ավելի է մեծանում։
«Ներկայացումը թեմատիկայի և բովանդակային առումով Հայաստանում ակնհայտորեն մեծ պահանջարկ է վայելում, իսկ հայկական գաղթօջախներում՝ առավելապես, և մենք տեխնիկապես չէինք կարողանում ներկայացումը շատ անգամներ տեղափոխել այլ բեմեր, քանի որ ունեինք տեխնիկական հանգամանքներով պայմանավորված լուրջ խնդիրներ։
Բեմական պայմանների հարցն է նուրբ, կազմակերպչական բարդություններ կան՝ խիստ են պահանջները տեխնիկական պայմանների առումով, նաև դեկորների, լույսերի մասով, այս ներկայացման մեջ ներգրավված թատերախումբն է մեծ, և շատ այլ հարցեր։ Իսկ մեր կարծիքով՝ այս ներկայացումը շատ է անհրաժեշտ նաև այսօրվա զինվորին՝ քաջալերելու համար, ուստի էկրանավորման այս ֆորմատի առաջարկը փայլուն մոտեցում էր ներկայացումը տարածելու դիտանկյունից, և որոշվեց գնալ Միտոյանին ընդառաջ։ Մեծ ու ահռելի ծավալով աշխատանք է մեզ սպասվում, նույն ստեղծագործական թիմը ողջ փետրվարն անցկացնելու է այս ներկայացման էկրանավորման եռուն աշխատանքի մեջ, նոր ֆորմատի համար ներգրավված են միայն ներկայացման երկրորդ բեմադրող ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, օպերատոր Սուրեն Թադևոսյանը, նկարիչ Գարեգին Եվանգուլյանը, զգեստների նկարիչ Լուսինե Խաչատրյանը, պրոդյուսեր Արման Միտոյանը և մի ամբողջ նոր սթաֆ, որոնք տեխնիկական մի շարք խնդիրներ պիտի լուծեն, որպեսզի նախանշածի համաձայն՝ 2020 թ. գարնանը «Հարսանիք թիկունքում» ներկայացման ֆիլմը բարձրանա մեծ էկրան և հասանելի դառնա արդեն մեր բոլոր-բոլոր հայրենակիցներին, որոնք ներկայացումն իրենց մոտ տեղափոխելու համար բամաթիվ նամակներով դիմում էին մեզ՝ աշխարհի տարբեր երկրներից»,- նշեց ռեժիսորը։
Նրա խոսքով՝ ներկայացումն առժամանակ չի խաղացվի՝ զուտ նկարահանման աշխատանքների պատճառով, ապրիլ-մայիսից սկսած այն կրկին կլինի իրենց խաղացանկում՝ հույսով, որ ֆիլմից հետո ներկայացման ֆորմատը չի տուժի։ Ասում է՝ բեմից խաղացող արտիստների հմայքը շատ ավելի յուրահատուկ է, ուստի թատերական միջավայրում այս ներկայացումը դեռ երկար կապրի։
Ընդգծենք՝ պիեսի հիմքում պատերազմից հետո շարունակվող կյանքի գաղափարախոսությունն է շեշտադրվում՝ «Ապրելու ապրիլ»-ը, ինչպես վերնագրված էր պիեսն ի սկզբանե, ապա վերանվանվեց «Հարսանիք թիկունքում»։
Պետք է նշել, որ ներկայացումից էկրանավորում առաջացած ֆինանսական հավելյալ ծախսերն իր վրա է վերցրել ԿԳՄՍ նախարարությունը, իսկ ֆինանսական չափի մասին առայժմ չի նշվում։
Սյուզի Բադոյան