
Microsoft-ը դադարեցրել է Windows 7 օպերացիոն համակարգի տեխօժանդակումը

Windows 7 գործառական համակարգի, որը թողարկվել է 2009 թվականի հոկտեմբերի 22-ին, տեխնիկական օժանդակումը եւ նորացումը հունվարի 14-ից դադարեցվում են: Այդ մասին իր կայքում հայտնել է ԱՄՆ-ի Microsoft ընկերությունը։
«10 տարի հետո Windows 7-ի օժանդակումը հունվարի 14-ից դադարեցվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Համակարգիչները, որոնցում տեղակայված է Windows 7 գործառական համակարգը, կշարունակեն գործել, բայց Microsoft-ն այլեւս տեխնիկական օժանդակություն ցույց չի տա եւ նորացումներ չի թողարկի: Ընկերությունը Windows 7-ի օգտատերերին խորհուրդ է տվել ֆայլերի եւ լուսանկարների պատճեններ ստեղծել OneDrive ամպային ծառայության միջոցով եւ օգտագործել Windows 10 օպերացիոն համակարգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: