Արթուր Վանեցյանը չպետք է հապաղի։ Այդ մասին պետք է բացահայտ հայտարարի. Արա Վարդանյան

«Հայկական ժամանակ» կայքում տպագրված հոդվածը մեսիջ էր՝ ուղղված Արթուր Վանեցյանին, Միքայել Մինասյանին և Արա Սաղաթելյանին, բայց չեմ կարծում, որ այն որևէ արդյունք կտա։ Այս ամբողջ հոդվածը կազմված էր ընդամենը ենթադրություններից  է, և կարծում եմ, ուներ նպատակ` հասնել  դատական կարգով դրա վիճարկման՝ այդկերպ ևս հոդվածին մեծ հնչեղություն տալու համար։ Այս մասին այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Արա Վարդանյանը։

«Սա առաջին դեպքը չէ, երբ երկրի թիվ մեկ դերակատարը՝ Նիկոլ Փաշինյանը, ասում է, որ այս կամ այն գործընթացը ֆինանսավորվում է այս կամ այն անձի կողմից։ Եթե դու անում ես նման հայտարարություն, ապա դու պետք է ունենաս տեղեկություն, եթե ունես տեղեկություն, ապա պետք է հարուցվի քրեական գործ, եթե չկա, ապա դա նշանակում է՝ քո ասածը սուտ է։

Հիմա մենք պետք է հասկանանք, թե այս ամենի իմաստը ո՞րն է։ Ըստ իս՝ Փաշինյանը փորձում է չեզոքացնել այն սպասումը, որը կար հասարակության մեջ, որ՝ ահա հիմա Վանեցյանը կխոսի։ Փաշինյանը դրդում է Վանեցյանին՝ խոսելու, միգուցե, հավատացած լինելով, որ Վանեցյանը չի խոսի, իսկ եթե Վանեցյանը չխոսի, ապա ժողովրդի մեջ այդ սպասումը կպակասի»,- ասաց  Արա Վարդանյանը։

«Ադեկվադ» միաբանության անդամի համոզմամբ՝ Ն. Փաշինյանը փորձում է ոչնչացնել բոլոր այն մարդկանց, որոնց մեջ իր իշխանությանն ուղղված վտանգ է տեսնում, ընդ որում՝ այդ մարդկանց տրամաչափը կարևոր չէ։

«Ըստ իս՝ իրենք պատկերացնում են, որ Վանեցյանը վտանգ է ներկայացնում, որովհետև, եթե այդպես չպատկերացնեին, ապա նման գրոհ Վանեցյանի նկատմամբ չէր լինի։ Վանեցյանի վրա քրեական գործ չկարողացան հարուցել, դրա համար անցան երկրորդ փուլին՝ մարդկային հարաբերություններում այդ մարդու անվան հետ խաղալուն։ Այնպես չէ, որ ես խորապես պաշտպանում եմ Վանեցյանին, քանի որ նրա ղեկավարման ժամանակ ԱԱԾ-ն ինձ հետ շատ սխալ է վարվել, և ապագայում դա կապացուցվի, բայց ես հիմա տալիս եմ քաղաքական գնահատական՝ Փաշինյանը ոչնչացնում է իր դեմ խոսացողներին»,- ասաց  Արա Վարդանյանը։

Վերջինս դրա հիմքում ավելի խորքային պատճառներ է տեսնում: Նրա խոսքով՝ տեղի ունեցածի պատճառներից մեկն էլ այն է, որ Կառավարության ղեկավարը, որպես անձ՝ կայացած չէ, ուստի իրեն որպես պոտենցիալ թշնամի է տեսնում բոլորին։

«Մենք, դժվար թե, չէ՞, պատկերացնենք, որ Սերժ Սարգսյանը լուրջ պայքար մղեր Նիկոլ Փաշինյանի դեմ։ Սարգսյանը դա չէր անի, քանի որ նրանք տարբեր տրամաչափի մարդիկ են, բայց Փաշինյանը պատրաստ է և իր ժամանակի մեծ մասն  ուղղել է իր ընդդիմախոսների դեմ, իսկ դա Փաշինյանին կործանելու է»,- ասաց  Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Կառավարության ղեկավարը պայքարի մեջ նետելով իր ընտանիքի անդամներին՝ ևս մեկ անգամ փաստում է, որ գիտակցում է` վարկանիշի կորուստ ունի։

«Բայց պետք է իր համար ցավով նշեմ, որ նրա վարկանիշը դրանով չի բարձրանալու. դա տեղի կունենա միայն ժողովրդի լավ ապրելով»,- ասաց  նա։

Արա Վարդանյանը վստահեցնում է, որ Արթուր Վանեցյանը քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացրել, ուստի ինքը, որպես ՀՀ քաղաքացի՝ դիմում է Վանեցյանին՝ խնդրելով.

«Արթուր Վանեցյանը չպետք է հապաղի, եթե ՀՀ անվտանգությունը սպառնալիքի տակ է, եթե այսօրվա գործող վարչախումբն իրականացրել է այնպիսի քայլեր, որոնց հետևանքով որոշ մարդիկ այսօր հայտնվել են անօրինական կալանքի մեջ, ապա Արթուր Վանեցյանն այդ մասին պետք է բացահայտ հայտարարի։ Եթե ես լինեի իր տեղը, չէի սպասի քաղաքական դիվիդենտների, ես դա կանեի այսօր։ Բայց քաղաքական գործիք դառնալու հայտ ներկայացնելու համար, բնականաբար, պարոն Վանեցյանն ունի իր հաշվարկները, քննարկում է, թե երբ է գալու խոսելու ժամանակը, կամ՝ արդյոք արժե՞ խոսել։ Ես համոզված եմ, որ կան թեմաներ, որոնք ինքը կարող է արծարծել և կարող է ժողովրդին տեղեկացնել, թե ինչ տարօրինակ հրամաններ է ստացել, կամ ինչ տարօրինակ բաներ է տեսել»,- ասաց  Վարդանյանը։

Խոսելով  ներքաղաքական մյուս թեմաների մասին՝ Արա Վարդանյանը մասնավորապես առանձնացրեց Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրը, որը, ըստ նրա՝ աբսուրդ է, և իր համար զարմանալի չի լինի իշխանությունների կողմից  ցանկացած գործիքի օգտագործումը։

Խոսելով  Սահմանադրական բարեփոխումների  համար վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի մասին՝ Արա Վարդանյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ փոփոխությունների արդյունքում երկրի կառավարման մոդելը փոխելու է՝ կրկին վերադառնալով կիսանախագահական համակարգին։

«Իմ կարծիքով՝ Հայաստանը պետք է լինի նախագահական կամ կիսանախագահական։ Այսօրվա իշխանությունը փորձելու է վերադառնալ կիսանախագահականին ոչ թե նրա համար, որ դա լավ է, այլ որպեսզի երկարաձգի իր իշխանությունը։ Ակնհայտ է, որ երբ Փաշինյանը վարչապետ է, նա չի կարող մեղքը գցել որևէ մեկի վրա և պետք է հիմա ստեղծի փրկօղակ՝ մեղքը գցելով այլոց վրա, և, օրինակ, 6 ամիսը մեկ վարչապետ փոխի։ Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, դա անցյալի բնաջնջումն է, և այն, ինչ անում ենք իրենք Ռոբերտ Քոչարյանի հետ՝ բումերանգի տեսքով ետ է վերդառնալու իրենց, որովհետև չես կարող երկիր ղեկավարել նման ապաշնորհ ձևով»,- ասաց Վարդանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս