Այսօր տեղի կունենա Պոլսի հայոց պատրիարքի գահակալությունը
Այսօր՝ հունվարի 11-ին տեղի է ունենալու Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալության արարողությունը: Արարողությանը կմասնակցեն Հայ առաքելական եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչները: Սպասվում է, որ արարողությանը ներկա կլինեն նաև կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը, Ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, ինչպես նաև այլ հարանվանությունների ներկայացուցիչները, հայտնում է RegionMonitor-ը:
Գահակալության արարողությունը տեղի է ունենալու Պոլսի հայոց պատրիարքության աթոռանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:
Ենթադրվում է, որ գահակալությունից հետո Սահակ Երկրորդ պատրիարքին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից կտրվի արքության պատիվ: