ԱՄՆ-ի ընկերությունն Apple-ին մեղադրել է արտոնագրային իրավունքների խախտման մեջ
Միացյալ Նահանգների Masimo ընկերությունը, որը բժշկական ախտորոշման սարքավորանք է թողարկում, Apple կորպորացիային մեղադրել է արտոնագրային իրավունքների խախտման մեջ: Այդ մասին են վկայում այն փաստաթղթերը, որոնք ստացվել են Կալիֆոռնիայի նահանգի Կենտրոնական օկրուգի դաշնային դատարանի էլեկտրոնային պահոցում։
Ինչպես նշված է Masimo-ի հարուցած հայցադիմումում, այդ ընկերության եւ դրա դուստր կառույցների մշակումներն առանց թույլտվության կիրառվել են Apple-ի կողմից Apple Watch ժամացույցն ստեղծելիս: Masimo-ի փաստաբանների խոսքով՝ խնդրո առարկան, մասնավորապես, այն տվիչներն են, որոնք թույլ են տալիս չափել արյան մեջ թթվածնի մակարդակը: Հայցում նշված է, որ 2013 թվականին Apple-ի ներկայացուցիչները Masimo-ին առաջարկել են համագործակցություն եւ ծանոթացել են վերջինիս մի քանի մշակումներին:
Ընկերություններն ստորագրել են տեղեկատվության չհրապարակման համաձայնագիր: Հայցվորների պնդմամբ՝ դրանից շատ չանցած Apple-ի ղեկավարությունն աշխատանքի է ընդունել Masimo-ի մի շարք աշխատակիցների: Նրանց թվում եղել են մասնագետներ, որոնք ունեցել են տեղեկատվություն ընկերության վերջին մշակումների մասին: Masimo-ում պնդում են, որ Apple-ն առանց թույլտվության օգտագործել է իր արտոնագրած առնվազն տասնյակ մշակումներ: Հայցվորները պահանջում են, որ դատարանն Apple-ին արգելի դա անել, ինչպես նաեւ ընկերությանը պարտավորեցնի վճարելու փոխհատուցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: