Ամուսինները միասին ապրել են 64 տարի և մահացել նույն օրը
Միացյալ Նահանգների Վուսթեր քաղաքում (Օհայոյի նահանգ) ամուսինները միասին ապրել են 64 տարի եւ նույն օրը վախճանվել: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը: 88-ամյա Բիլ Շաֆրաթը մահացել է ծերանոցում՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան տեղական ժամանակով մոտավորապես ժամը 7-ին:
Նրա կինը՝ Նենսին, որը պառկած էր կողքի մահճակալին, վախճանվել է չորս ժամ անց: «Վերջին շաբաթներին Բիլն արդեն չէր կարողանում վեր կենալ անկողնուց: Մենք նրա մահճակալը եւ Նենսիի մահճակալը տեղափոխեցինք սենյակի կենտրոն,-պատմում է Փեթ Քոռնելիուսը՝ Շաֆրաթների զարմուհին:- Իրենց վերջին շաբաթները նրանք բառիս ուղղակի իմաստով անցկացրել են ձեռք-ձեռքի բռնած»: Ազգականները նշել են, որ Շաֆրաթները երեխա չունեին: Բայց քանի որ Բիլը 12 հարազատ եղբայր ու քույր ուներ, նա շատ զարմիկներ ու զարմուհիներ ուներ:
Բիլի եւ Նենսիի հուղարկավորությունը տեղի է ունեցել հունվարի 2-ին Կույս Մարիամի կաթոլիկ եկեղեցում, որտեղ նրանք ամուսնացել էին: 2019 թվականի դեկտեմբերին հաղորդվել էր, որ ամուսինները, ամերիկյան Ջեկսոն քաղաքից (Միչիգանի նահանգ), միասին ապրել են 70 տարի եւ 20 րոպե տարբերությամբ մահացել նույն հոսպիսում կողք-կողքի դրված մահճակալների վրա: Դեկտեմբերի 17-ին Մեյսոն քաղաքում (Միչիգանի նահանգ) տեղի է ունեցել նրանց հուղարկավորությունը: