Բաժիններ՝

Իրանը ձեռնամուխ է լինում ուկրաինական Boeing-ի «սև արկղերի» վերծանմանը

Իրանն արդեն հունվարի 10-ին ձեռնամուխ կլինի «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռի «սեւ արկղերի» տվյալների վերծանմանը: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը: «Այսօր սկսվում է «սեւ արկղի» ուսումնասիրումը Մեհրաբադի օդանավակայանի լաբորատորիայում, եւ, եթե Իրանը չկարողանա տվյալներ կորզել դրանից, նա կդիմի Ռուսաստանին, Ֆրանսիային, Կանադային կամ Ուկրաինային»,-հայտարարել է կազմակերպության ավիաաղետների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայիֆարը:

Հունվարի 10-ին ավելի վաղ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն լրագրողներին հայտարարել է, որ ուկրաինական աղետյալ ինքնաթիռը չի խոցվել հրթիռով: Նա հավելել է, որ «ինքնաթիռն ավելի քան մեկուկես րոպե թռչում էր կրակով բռնկած»: Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ «ինքնաթիռի կործանումը լուրջ վթար է եւ դրա ամբողջական հետաքննության համար մեկից երկու տարի է պահանջվում»: «Սեւ արկղերի» վերծանումը կտեւի մեկից երկու ամիս»,-նշել է նա:

Իր հերթին Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին «մեծ սուտ» եւ «խաբեբայություն» է համարել այն մեղադրանքները, թե «Ուկրաինայի միջազգային ավիաուղներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռը խոցվել է իրանական հրթիռով: «Այն բանից հետո, երբ հայտնի կդառնա, որ մեղադրանքները խաբեբայություն են, ոչ ոք չի համարձակվի իր վրա վերցնել նման մեծ ստի պատասխանատվությունը»,- հայտարարել է Ռաբիին: Նա մեղադրանքները որակել է որպես «ԱՄՆ-ի կառավարության հոգեբանական գործողություն»: Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Զոհերի մեծ մասը Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս