Բաժիններ՝

«Եթե եղանակն այսպես շարունակվի, ապա կունենանք աշնանացանի և ջրի խնդիր». Հրաչ Բերբերյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով եղանակային պայմաններին և ձյան բացակայության վտանգավոր հետևանքներին՝ գրել էր.  «Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ։ Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայական նորմայից 3-5 աստիճանով։ Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում, ավելին, հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում»։

168.am-ի հետ զրույցում «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց, որ, եթե եղանակն այսպես շարունակվի, նախ՝ Հայաստանն ունենալու է աշնանացանի, այնուհետև՝ ջրի խնդիր։

«Մենք աշնանացանի հետ խնդիր կունենանք, դաշտերն այս պահին ձյան շերտով ծածկված չեն, որի արդյունքում էլ կունենանք սակավաբերքություն, եթե այսպես շարունակվի, ապա տեղեր կլինեն, որ ընդհանրապես բերք չենք ունենա։ Բայց կարծում եմ՝ բնությունն իր շտկումները կանի, քանի որ հունվարի 10-ից հետո Հայաստանում սովորաբար կայուն ձմեռ է սկսվում։ Տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

Ըստ նրա՝ լուրջ վտանգներ կան նաև այն առումով, որ ջրամբարները կարող են ամբողջովին դատարկ մնալ, հնարավոր չի լինի մեծ քանակությամբ ջուր կուտակել։

«Եթե ջրամբարները չլցվեցին, մենք կունենանք խնդիր, հետևաբար՝ կրկին կգնան Սևանից ջուր վերցնելու։ Ասել եմ ու կասեմ, որ գյուղատնտեսության ոլորտ ղեկավարելն ամեն մարդու բան չէ, եթե որոշ բաներ լինի, ապա մի զարմացեք, քանի որ տեսնում ենք, թե այդ բնագավառն ովքեր են ղեկավարում, ու ինչ վիճակում է»,- շեշտեց նա։

Նա նաև ընդգծեց, որ եթե առաջիկայում դաշտերում ձյան շերտ գոյացավ, ապա խնդիր չի լինի, հակառակ պարագայում՝ բոլորը և գյուղատնտեսությունը կանգնելու են մեծ խնդիրների առջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս