«Նախագահ Տեր-Պետրոսյանի նվաճումների մասշտաբայնությունն ու պատմականությունը դեռ կբացվի հասարակության առաջ իր ողջ պերճանքով». Արման Մուսինյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախագահ Տեր-Պետրոսյանը հայաստանյան քաղաքական իրականություն ներմուծեց արժեքներ, որոնք անկյունաքարային են պետության և հասարակության առողջ զարգացման տեսանկյունից: Չնայած մեր նորանկախ պատմության վայրիվերումներին ու այդ արժեքների նկատմամբ սանձազերծված արշավանքներին, այսօր էլ ինքն է մնում այդ արժեքների պահպանման ու տարածման ջահակիրը:
Խոսքի արժեքը – Կուռ, հիմնավոր, պարզ, զերծ կեղծիքից, ստից, սնապարծությունից ու սեթևեթանքներից: Անպատասխան հարցեր չթողնող և, որ առավել կարևոր է` մտքի ու գործողության հեռանկար բացող: Տեր-Պետրոսյանը երբեք չի չարաշահել խոսքը, հենց խոսքի արժեքի ու կշռի նկատմամբ տածած գուրգուրանքից:
Գործի արժեքը – որպես քաղաքական գործչի գերագույն նպատակ, դրանով սերունդներին ու պետությանը ծառայելու միակ միջոց: Գործի նկատմամբ տածած գորով ու վերաբերմունքն է անկյունաքարայինը թիմակցի, պարտնյորի, նույնիսկ հակառակորդի գնահատման հարցում: Բացի այդ` Տեր-Պետրոսյանն անավարտ գործ չի թողնում: Մի բան սկսեց, հասցնելու է իր ավարտին, ինչքան էլ ջանք այն չպահանջի:
Ոտքից գլուխ քաղաքական վարքագիծը, հետևաբար պատասխանատվության խորը գիտակցությունն ու անանձնականությունը – որն ըստ էության ներառում է վերը նշված արժեքները և դրան գումարում իր անելիքն ուրիշի վրա չգցելու, ամենադժվար պահին խրամատը չլքելու, սեփական անձը գործին ստորադասելու հատկությունները:
Մաքրամաքուր, գեղեցիկ ու հնչեղ հայերենը – հավելյալ բացատրությունների կարիք, վստահ եմ, չկա:
Նախագահ Տեր-Պետրոսյանի նվաճումների մասշտաբայնությունն ու պատմականությունը դեռ կբացվի հասարակության առաջ իր ողջ պերճանքով: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Այն ուրացողները, խեղաթյուրողներն ու կեղծողները անդառնալիորեն պարտվել են այս «պատերազմում»: Նախագահի նվաճումները, ինչպեսև նրա ներմուծած արժեքները դեռ երկար տարիներ հիմք են ծառայելու մեր ժողովրդի ու պետության հաջողությունների համար: Այնպես որ՝ Տեր-Պետրոսյանն, ինչքան էլ իր անցյալի գործերով բացառիկ, եղել և մնում է ապագայի գործիչ` ջահը ձեռքին պահած:
Շնորհավոր»:
Նախագահ Տեր-Պետրոսյանը հայաստանյան քաղաքական իրականություն ներմուծեց արժեքներ, որոնք անկյունաքարային են պետության և…
Gepostet von Arman Musinyan am Donnerstag, 9. Januar 2020