Քաղաքացին պահանջում է պատժել Իրանի և ԱՄՆ-ի նախագահներին՝ ՀՀ վարչապետի խոսքն անտեսելու համար
Քաղաքացի Արկադի Գալստյանն այսօր կրկին Կառավարության շենքի մոտ էր նոր պահանջով ու պաստառով՝ «Իրանի և ԱՄՆ-ի նախագահները պետք է պատժվեն Նիկոլի խոսքն անտեսելու համար»։
Նրա խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի նախագահները պետք է պատժվեն՝ Հայաստանի վարչապետի՝ Արտանիշի գագաթից հնչեցրած կոչն անտեսելու համար։
«Վարչապետն այդքան միջոցներ ծախսեց, մարդկային ռեսուրսներ ու իր պարապ ժամանակը, գնաց Արտանիշի գագաթ, որտեղից հին մեթոդներով կոչ արեց, թե հե-հե՜յ, Իրանի նախագահ, հանգիստ նստիր տեղդ, ԱՄՆ նախագահ, հանգիստ նստիր տեղդ։ Բայց հաջորդ օրն Իրանը հրթիռակոծեց Միացյալ Նահանգների ռազմաբազան, չի կարելի։ Դիմում եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին՝ չի կարելի, եթե ՀՀ վարչապետը արշավախմբի հետ նրան բան է ասում, քանի՞ գլխանի է, որ չանի, ինչպես կասեր Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից»,- ասաց Արկադի Գալստյանը։
Ըստ նրա, անհասկանալի է, թե երկում ինչ է կատարվում, քանի որ խեղվել է արժեհամակարգը, հերոսներն անտեսվել են, կրոն չի մնացել։
«Ամեն ինչ վերացել է, մնացել է միայն մեկ Նիկոլ։ Ապշելու բան է, ժողովուրդը որ խոսում է, ասում է՝ Նիկոլի կադրերը, բայց որևէ մեկը չի ասում՝ Նիկոլը։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ մեղավոր էր Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մեղավոր էր Քոչարյանը, բայց այսօր մեղավոր են վարչապետի կադրերը, ապշում եմ մեր ժողովրդի վրա»,- նշեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում