2 ՔԿՀ-ում առանձին աշխատակիցների թողտվությամբ թմրամիջոցների ներթափանցման դեպքեր են արձանագրվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող առանձին քրեական գործերով արձանագրվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների առանձին աշխատակիցների թողտվությամբ կամ անմիջական մասնակցությամբ տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցների ներթափանցման դեպքեր։
Մասնավորապես ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող, դատապարտյալ անձը 2019թ. նոյեմբերի 16-ին տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ստացիոնար կարգով բուժօգնություն ստանալու համար: Դատապարտյալին բժշկական կենտրոն տեղափոխելուց հետո նրա պահպանությունն իրականացնելու համար ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի հրամանով սահմանվել է ժամանակավոր պահակետ՝ նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի՝ որպես պահախմբի ավագի, և 2 կրտսեր մասնագետի ներգրավմամբ:
Վերջիններս, սակայն, ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, մշտական հսկողություն չեն ապահովել դատապարտյալի վարքագծի նկատմամբ. պահախմբի ավագը և անդամներից մեկը իրենց ծառայության ժամին քնել են, ինչից օգտվելով՝ դատապարտյալը բժշկական կենտրոնից դիմել է փախուստի: Արդյունքում ծանր հանցագործության կատարման համար դատապարտված անձը, առանց օրինական հիմքերի, հայտնվել է ազատության մեջ: Նշված դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ վերոնշյալ երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, և 2019թ. դեկտեմբերի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Մեկ այլ դեպքում ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով որոշում է կայացվել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պահպանության ապահովման բաժնի 3 աշխատակիցների ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 2019թ. նոյեմբերի 10-ին և 11-ին ընդգրկված լինելով Վաղարշապատի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ մի դատապարտյալի պահպանությունն իրականացնող պահախմբում, վերջինիս խնդրանքը չմերժելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Մասնավորապես, մշտական հսկողություն չապահովելով դատապարտյալի վարքագծի նկատմամբ՝ չեն բացառել նրա հաղորդակցումը այլ անձանց հետ, թույլատրել են ազատ տեղաշարժվել և դուրս գալ հիվանդասենյակից, հիվանդանոց այցելած ընկերուհուն և ծանոթին թույլատրել են տեսակցել և արգելված իրեր՝ բջջային հեռախոս և ալկոհոլային խմիչք փոխանցել նրան:
Այդ պայմաններում դատապարտյալին հնարավորություն է ընձեռվել անարգել կապ հաստատելու և տեսակցելու այլ անձանց հետ, ինչի արդյունքում վերջինս ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով թմրամիջոց, ապօրինի պահել իր մոտ և փոխադրել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ: Թմրամիջոցը հիմնարկի տարածք անցկացնել չի հաջողվել միայն ՔԿՀ ծառայողների կողմից կատարված անձնական զննությամբ այն հայտնաբերվելու և վերցվելու պատճառով:
Վերը հիշատակված դեպքերում ՀՀ ԱՆ նշված ՔԿՀ-ների առանձին ծառայողների կողմից իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու արդյունքում ոչ միայն չեն լուծվել քրեակատարողական ծառայությունների առջև դրված խնդիրները, այլև խոչընդոտվել է ազատազրկման դատապարտված անձանց ուղղման պետության գործառույթի, պատժի նպատակների իրականացումը:
Հաշվի առնելով նմանատիպ դեպքերի հաճախակի դրսևորումները՝ վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարության կողմից այս ոլորտի բարեփոխման ուղղությամբ իրականացվող կոշտ քաղաքականության համատեքստում ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն վարչության պետի ուղեկցական գրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին հասցեագրվել է միջնորդագիր՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու և արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազությանը հայտնելու վերաբերյալ:
Քրեակատարողական հիմնարկների ծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարմանը, ՔԿՀ-ներում հանցագործություններ կատարող և դրանցում ներգրավվող ծառայակիցների արարքների հանդեպ աշխատակիցների անհանդուրժողականությունը խթանելու նպատակով նախորդ տարեվերջին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խրախուսական պարգևատրման էր արժանացրել նշված երկու քրեակատարողական հիմնարկների 4 ծառայողների: Ծառայողական պարտքի հանդեպ վերջիններիս դրսևորած արժանապատիվ կեցվածքի շնորհիվ բացահայտվել էին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ների պաշտոնատար անձանց կողմից իրացնելու նպատակով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր: