Իրանական «Ղուդս»-ի նոր հրամանատարը հայտարարել է, որ շարունակելու է Սոլեյմանիի ուղեգիծը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար Էսմայիլ Կաանին հայտարարել է, որ շարունակելու է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ուղեգիծը: Այդ մասին հայտնել է IRIB հեռուստաալիքը:
«Մենք ամբողջ հզորությամբ կշարունակենք շարժվել այդ լուսավոր ուղիով»,-հայտարարել է Կաանին՝ շնորհակալություն հայտնելով այն բանի համար, որ իրեն ընտրել են «Ղուդս»-ի նոր հրամանատար: «Տա Աստված, որ այդ գրոհն ամրապնդի իրաքյան խորհրդարանի հանգուցային որոշումն ու տարածաշրջանի ժողովուրդների կամքը եւ օգնի ԱՄՆ-ին ու գլոբալ գոռոզամտությունը վտարելու տարածաշրջանից»,-հայտարարել է Կաանին:
Ինչպես հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, Իրանն Իրաքում հրթիռային հարված է հասցրել Միացյալ Նահանգների կողմից օգտագործվող առնվազն երկու ռազմակայանների: Հրթիռակոծման են ենթարկվել Այն ալ Ասադ ռազմակայանը եւ Էրբիլի օդանավակայանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: