Եղիսաբեթ Երկրորդը հիասթափված է լիազորությունները վայր դնելու արքայազն Հարրիի որոշումից. Times
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին խիստ հիասթափված է այն բանից, որ իր թոռը՝ արքայազն Հարրին, եւ նրա կինը՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, հայտարարել են թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու եւ կա՛մ Միացյալ Թագավորությունում, կա՛մ Հյուսիսային Ամերիկայում ապրելու մտադրության մասին՝ դա նախօրոք չքննարկելով Բուքինգհեմյան պալատի հետ: Այդ մասին հայտնել է The Times թերթը:
Նրա տեղեկատվության համաձայն, Սասեքսի դուքսը եւ դքսուհին իրենց որոշման մասին Instagram-ում հրապարակելուց առաջ չեն խորհրդակցել ո՛չ թագուհու, ո՛չ արքայազն Հարրիի հոր՝ Ուելսի գահաժառանգ արքայազն Չառլզի հետ: Հրատարակությունն ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ Բուքինգհեմյան պալատի պատասխան հայտարարությունը բավականին կտրուկ է եղել: «Սասեքսի դուքսի եւ դքսուհու հետ բանավեճերը վաղ փուլում են: Մենք հասկանում ենք այլ մոտեցում գտնելու նրանց ցանկությունը, բայց դրանք բարդ հարցեր են, որոնց լուծումը ժամանակ կպահանջի»,-ասված է միապետի գրասենյակի կարճ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ արքայազն Հարրին, որը վեցերորդ տեղն է զբաղեցնում գահաժառանգության հերթում, եւ Մեգան Մարքլը հայտարարել էին, որ «երկար ամիսներ տեւած խորհրդածություններից եւ ներքին բանավեճերից հետո» որոշել են «դադարեցնել թագավորական ընտանիքի «ավագ» անդամների պարտականությունների կատարումը եւ աշխատել ֆինանսապես անկախ դառնալու համար»:
Ընդ որում՝ Սասեքսի դուքսերը հայտնել են, որ կգործարկեն իրենց բարեգործական կազմակերպությունը, բայց դրա հետ մեկտեղ կշարունակեն կատարել թագավորական որոշ պարտականություններ:
The Times-ն այդ կապակցությամբ նշում է, որ կա՛մ Միացյալ Թագավորությունում, կա՛մ Հյուսիսային Ամերիկայում ապրելու արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի մտադրությունն աննախադեպ է միապետական ընտանիքի անդամների համար, որոնք շարունակում են որոշակի գործառույթներ կատարել նրանում: Սովորաբար դրանք կապված են պաշտոնական եւ բարեգործական միջոցառումների ժամանակ հանրությանը ներկայանալու հետ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: