Կառավարության աշխատակիցներից մեկը ծխել ու ծխախոտը շպրտել է. «Ես գիտեմ՝ ինչ կանեմ». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան նկատել է, որ կառավարության աշխատողներից մեկը մեքենան կանգնեցրել է կառավարության շենքի դիմաց՝ ծխել ու ծխախոտը շպրտել: «Ես գիտեմ՝ ինչ կանեմ, բայց եթե ուրիշ քաղաքացին այդ պահին անցնելով տեսնում է, ինքն ի՞նչ անի. ինքն էլ պետք է գործիք ունենա, որովհետև վարչապետը չպետք է պատուհանից նայի, տեսնի, ով եկավ, ինչ արեց, դա պատահական դիպված էր»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին դիմելով՝ նշեց, որ պետք է անել օրենսդրական փոփոխություն: «Ներողություն, հասկանում եմ, որ հաճախ կառավարության նիստերին ընդունված չէ նման թեմաներից խոսել, բայց օրինակ, Սինգապուրում փոփոխությունները սկսել են նրանից, որ պայքարել են թքելու դեմ, փողոցում թքելու համար մեծ տուգանքներ են սահմանել ու դա իրագործվել է: Թվում է, թե մարդ է, թող թքի, բայց սա քաղաքակրթական խնդիր է, որովհետև երբ մարդը Հայաստանում մտնում է զուգարան, այդտեղ գոյանում է իր ինքնագնահատականը, թե այս երկիրն իրեն ոնց է վերաբերվում: Պետք է արգելել, փակել, սնանկացնել բոլոր այն բիզնեսմեններին, ովքեր ոսկեջրած աթոռներ են դնում իրենց ռեստորաններում, բայց կոտրած ու կեղտոտ զուգարանակոնքեր են պահում իրենց ռեստորաններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հավելեց, որ նախորդ տարի վարչապետի հանձնարականի հիման վրա Ճանապարհային ոստիկանությունն արդեն իսկ նախաձեռնել է ծրագրի ստեղծում ու երեք-չորս ամսից ծրագիրը պատրաստ կլինի, և քաղաքացիները հնարավորություն կունենան խախտումներն արձանագրել: