Բաժիններ՝

Իրանը կանխամտածված ճշտել է հարվածները՝ ԱՄՆ-ին նվազագույն վնաս հասցնելու համար. The Washington Post

Իրանի իշխանությունները կանխամտածված ճշտել են հարվածները Իրաքում տեղակայված ԱՄՆ-ի օբյեկտներին, որպեսզի հնարավորինս քիչ ամերիկացի զինվորականներ տուժեն: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի:

«Դա երկու կողմին հնարավորություն տվեց խուսափել պատերազմից,- նշել է պաշտոնյան:- ԱՄՆ-ի իշխանությունները դեռ հունվարի 7-ին գիտեին այն օբյեկտների ցուցակը, որոնց պատրաստվում է հարվածել Իրանը, բայց կոնկրետ՝ որոնց, հայտնի չէր»: Համապատասխան տեղեկատվությունը ԱՄՆ-ի զինվորականներն Իրաքի իշխանություններից ստացել էին գրոհներից մի քանի ժամ առաջ, պնդում է հրատարակությունը:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել է, որ Բաղդադի իշխանությունները Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց նախօրոք ծանուցել էին, թե Իրանը որ ռազմաբազաներին է հրթիռային հարվածներ հասցնելու:

Հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ Իրաքը նախօրոք նախազգուշացրել էր ամերիկյան կողմին, թե որ բազաներն են գրոհի ենթարկվելու: Ինչպես նշում է հեռուստաալիքը, Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին ավելի վաղ հայտարարել է, որ Իրանի իշխանություններից նախազգուշացում էր ստացել այն մասին, որ շուտով հարվածներ են հասցվելու:

Հունվարի 8-ին CNN հեռուստաալիքի կայքում հրապարակված նյութում նշվել է, որ Իրանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, չէին ձգտում, որ Իրաքում ռազմակայաններին հրթիռահարվածներ հասցնելիս ամերիկացի զինվորականներ զոհվեն: Հեռուստաալիքի վերլուծաբանների կարծիքով՝ գրոհի նպատակն, ամենայն հավանականությամբ, այն չէր, որ «հնարավորինս շատ ամերիկացիներ սպանվեն»: Ինչպես արձանագրված է նյութում, հարվածը հասցվել է գիշերը, երբ ԱՄՆ-ի զինվորականները մեծավ մասամբ քնում են: Ինչպես կարծում են հեղինակները, ցերեկը հարվածելու դեպքում այն բանի շանսերը, որ ամերիկացիներից ոմանք կտուժեն, ավելի մեծ կլինեին: Ինչպես նշում են CNN-ի վերլուծաբանները, Իրանի իշխանությունները, հավանաբար, մտադիր էին ԱՄՆ-ին մարտահրավեր նետել կոնֆլիկտի զգալի էսկալացիայի նվազագույն ռիսկով:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, Իրանը հրթիռահարված է հասցրել Իրաքում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող առնվազն երկու ռազմակայանի: Ամերիկյան կողմի տվյալներով՝ Իրանը երկու տասնյակից ավելի հրթիռներ է արձակել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս