Հայազգի օդաչուն կապ չունի Սոլեյմանիի սպանության հետ․ իսրայելցի քաղաքագետը կեղծիք է տարածում
Իսրայելցի քաղաքագետ-հրապարակախոս Ավիգդոր Էսկինը գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ Ջեֆրի (Ջեֆ) Հարիգյանին՝ ԻՀՊԿ «Ալ-Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության օպերացիայում՝ իր դերի համար։
Քաղաքագետը մասնավորապես գրել է․ «Հատուկ շնորհակալություն ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Ջեֆրի Հարիգյանին՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների զավակին, Սոլեյմանիին ոչնչացնելու օպերացիայում իր ունեցած դերի համար»։ Հարկ է նշել, որ հայազգի գեներալը առնչություն չունի հիշյալ գործողությունների հետ, վերջինս դեռևս 2019 թվականի հունիսին նշանակվել էր Եվրոպայում և Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար, որը չի ներառում Մերձավոր Արևելքը։
Այլ կերպ ասած՝ խնդրո առարկա հանդիսացող տարածաշրջանը հայազգի գեներալի հրամանատարության ներքո չէ։ Այս համատեքստում Հայաստանի կամ հայ ժողովրդի անվան շահարկումը և կոնֆլիկտի մեջ ներքաշման փորձը կրում է սադրիչ և վտանգավոր բնույթ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը չի ներքաշվի ո՛չ հակաիրանական, և ո՛չ էլ հակաամերիկյան գործողությունների մեջ և կոչ էր արել բարեկամ երկրներ Իրանին և ԱՄՆ-ին անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ տարբեր շրջանակներ փորձում են Հայաստանը ներկայացնել կոնֆլիկտի կողմ։ Ավելի վաղ հայալեզու կեղծ օգտատեր Դիանա Հարությունյանը գրառում էր կատարել, թե վարչապետ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։
Լուրը մեծ տարածում գտավ ադրբեջանական և իրանական մամուլում՝ այդ թվում պարսկերեն։ Կարճ ժամանակ անց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերեց լուրի հեղինակին, որը խոստովանեց, որ կեղծ լուրեր էր տարածում՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Անձը կալանավորված է։
Տեղեկատվության ստուգման կենտրոն