Բաժիններ՝

«Զոհեր չկան, նոր պատժամիջոցներ և խաղաղության կոչ». Թրամփի ուղերձն Իրանին

Իրանի կողմից հունվարի 8-ին Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելու հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ Այս մասին Սպիտակ տանը հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

«Քանի դեռ ես ԱՄՆ նախագահ եմ, Իրանին երբեք չի թույլատրվի ունենալ միջուկային զենք»,- հենց այս խոսքերով Թրամփը սկսեց իր ուղերձը։

ԱՄՆ նախագահը, հերքելով ամերիկյան կողմից որևէ զոհի առկայության փաստը, նշեց. «Մենք որևէ կորուստ չունենք։ Մեր բոլոր զինվորներն ապահով են, մեր ռազմաբազաները նվազագույն վնասներ են կրել»։ Նա նշեց, որ «Իրանը կարծես թե նահանջում է»։

Միաժամանակ նա հայտնեց, որ ԱՄՆ-ն նոր, ավելի խիստ տնտեսական պատժամիջոցներ է կիրառելու Իրանի նկատմամբ։

ԱՄՆ նախագահը կոչ արեց դաշնակիցներին հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրից և աշխատել Իրանի հետ նոր համաձայնագրի վրա, որը «աշխարհն ավելի ապահով կդարձնի»։ Ուղերձի վերջում ԱՄՆ նախագահը դիմեց Իրանի ժողովրդին և առաջնորդներին՝ ասելով. «Մենք ցանկանում ենք, որ դուք մեծ ապագա ունենաք, այնպիսի ապագա, որին արժանի եք՝ ներդաշնակ լինելով աշխարհի ազգերի հետ։ ԱՄՆ-ն պատրաստ է գրկաբաց ընդունել խաղաղությունը բոլոր նրանց հետ, ովքեր փնտրում են այն»։

Սպիտակ տան ղեկավարը, ավարտելով շուրջ տասը րոպե տևած ուղերձը, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս