Գյուղտեխնիկան անհրաժեշտ է համալրել նորով. «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ
«Գյուղերում մինչև հիմա օգտագործում են խորհրդային տարիների հնամաշ գյուղտեխնիկան, և անհրաժեշտ է այն փոխարինել կամ համալրել նոր, ժամանակակից տեխնիկայով, ինչպես մեր հարևան Վրաստանում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
«ՀՀ գյուղատնտեսության ոլորտի համակարգող, էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը տարեվերջյան իր ասուլիսում, խոսելով գյուղատնտեսության ոլորտից, անսպասելի ասաց. «… իներցիայով պետք է իջնենք ներքև, ուրիշ տարբերակ չկա»: Այս արտահայտությունը զարմացրեց գյուղոլորտի շատ մասնագետների:
Անդրադառնալով բնակլիմայական աղետներին՝ փոխնախարարը հայտարարեց, թե մենք ունենք այնպիսի գյուղատնտեսություն, որը շատ մեծ կախվածություն ունի բնակլիմայական պայմաններից (անձրև, կարկուտ, սառնամանիք): Մի՞թե փոխնախարարը մինչ այժմ չգիտի, որ գյուղատնտեսությունը ցանկացած երկրում ռիսկային է»,- ասաց Սարգիս Սեդրակյանը:
Հ/կ նախագահի կարծիքով՝ ժամանակն է, որ երկրի տնտեսությունը զարգացնելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր շուրջը հավաքի բանիմաց, փորձառու, չվարկաբեկված և ոլորտի մարդկանց հարգանքը վայելող կադրերի:
«Երբ խոսք գնաց գյուղատնտեսության մեքենայացումից՝ փոխնախարարն ասաց, որ տարիներ շարունակ ДТ-75-ն օգտագործել ենք վար անելու համար, որն իր քաշի չափ դիզել է օգտագործում: Այստեղ, որպես մասնագետ, կարող եմ ասել, որ ДТ-75 մակնիշի միջին հզորության (A-41И շարժիչի դեպքում 69 կվտ/94 ձ.ուժ) թրթուրավոր տրակտորը նախատեսված է վարի, ցանքի, համատարած կուլտիվացիայի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար: Տրակտորի վառելիքի տեսակարար ծախսը կազմում է 220 գ/կվտ.ժամ: Այս տրակտորը ունիվերսալ է, և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս՝ հողը չի պնդացնում, անփոխարինելի է աշխատում անձրևի և ձյան պայմաններում: Ամենայն հավանականությամբ՝ փոխնախարարը ցանկացել է ДТ-75 մակնիշի տրակտորը համեմատել ավելի տարածում ստացած МТЗ-82 մակնիշի անվավոր տրակտորի հետ, որի շարժիչի հզորությունը 75 ձիաուժ է, իսկ վառելիքի ծախսը՝ 230 գ/կվտժ»,- նշեց Սարգիս Սեդրակյանը: