Իրանը հրաժարվում է Boeing-ին հանձնել կործանված օդանավի «սև արկղերը». ԶԼՄ-ներ
Իրանը հրաժարվում է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների»՝ Թեհրանի մերձակայքում աղետի ենթարկված Boeing-737-800 ինքնաթիռի «սեւ արկղերը» արտադրողին հանձնել հետազոտությունների համար: Այդ մասին հայտնել է Mehr իրանական լրատվական գործակալությունը։
«Մենք «սեւ արկղը» չենք հանձնի արտադրողին ու ամերիկացիներին»,-հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն, որի խոսքը մեջբերում է լրատվամիջոցը: Նա ճշտել է, որ դեռեւս չի ընտրվել այն երկիրը, որին ինքնագրիչները կհանձնեն վերծանման համար: Աբեդզադեն ընդգծել է, որ վթարի պատճառը չի բացահայտվի , նախքան «սեւ արկղի» տվյալների վերլուծության ավարտվելը: Ավելի վաղ IRIB իրանական պետական հեռարձակողը հայտնել է, որ ինքնաթիռի ընկնելու վայրում հայտնաբերվել են ուկրաինական ինքնաթիռի երկու «սեւ արկղերը»:
Մինչ այդ ԶԼՄ-ները, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել են, որ Boeing ընկերությունը տեղեկացվել է օդանավի կործանման մասին, այն սկսել է տեղեկատվություն հավաքել ողբերգության հանգամանքների վերաբերյալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: