Բաժիններ՝

Մարալիկցիները ժամանակավորապես բացեցին Երևան-Գյումրի ճանապարհը՝ խոստանալով, հարցին ողջամիտ լուծում չտալու դեպքում, նորից փակել այն

Մարալիկի՝ այժմ արդեն Անի խոշորացված համայնքի բնակիչները, ովքեր այսօր վաղ առավոտից փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ պահանջելով չփակել համայնքի ծննդատունը, քիչ առաջ ժամանակավորապես բացեցին ճանապարհը։

Խնդիրը հարթելու և բնակիչների կողմից բարձրացրած հարցերին ծանոթանալու համար՝ նրանց և ծննդատան աշխատակիցների հետ նախ խոսեցին Առողջապահության նախարարության մեկնած աշխատանքային խմբի անդամները՝ խոստանալով, որ բոլոր հարցերը կքննարկեն մարզի իշխանության հետ։

Նրանք բնակիչներին խնդրեցին մինչև հարցերի քննարկումը բացել ճանապարհը, սակայն նրանք չհամաձայնեցին, որից հետո դեպքի վայր ժամանեց Շիրակի մարզի ոստիկանապաետը։

Նա ակցիայի մասնակիցներին հորդորեց ճանապարհը բացել, որպեսզի մարդիկ հանգիստ քննարկեն իրենց բարձրացրած հարցերը, որից հետո բնակիչները հայտարարեցին, որ կբացեն ճանապարհը, սակայն, եթե հարցին ողջամիտ լուծում չտրվեց, նորից կփակեն։

«Մենք ենք այս Կառավարությանն իշխանության բերել, ճանապարհ փակելով էլ բերել ենք, հիմա դուք մեզ ասում եք, որ իրավունք չունենք ճանապարհ փակել»,- նշեցին բնակիչները։

Այս պահին Շիրակի մարզպետարանում ընթանում է քննարկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս