Բաժիններ՝

Իրանի շուրջն իրադրությունը հանգեցնում է տարածաշրջանի կայունացման ջանքերի ձախողման. Բորել

Իրանի շուրջն ստեղծված իրադրությունն սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանի կայունացման եւ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի՝ վերջին տարիների ջանքերը: Այս մասին հունվարի 8-ին Բրյուսելում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մի բան մեզ պարզ է. ընթացիկ իրադարձություններն սպառնալիքի տակ են դնում (տարածաշրջանի կայունացման) վերջին տարիների ջանքերը, ինչպես նաեւ հետեւանքներ ունեն «Դաիշի» (ԻՊ-ի արաբական անվանումը – ծանոթ. խմբ.) դեմ կոալիցիայի կարեւոր աշխատանքի համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ բռնության էսկալացիան շահավետ չէ ոչ մեկին:

Բորելը նշել է, որ Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հունվարի 10-ի արտակարգ նիստում կքննարկեն Իրանի շուրջն ստեղծված իրադրությունը: «Մենք կքննարկենք, թե ԵՄ-ն ինչ կարող է անել կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում՝ տարածաշրջանը կայունացնելու համար»,- տեղեկացրել է նա:

Բորելը հայտնել է, որ Եվրահանձնաժողովի կոլեգիան այդ թվում քննարկել է իրանական միջուկային գործարքի հետ կապված հարցը: «Մենք նաեւ քննարկեցինք (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ) Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որն այսօր ավելի կարեւոր է, քան երբեւէ: Ես (Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ) Զարիֆին հրավիրեցի Բրյուսել: Հնարավոր է՝ մենք շուտով հանդիպենք»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս