«Չի բացառվում, որ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը ղեկավարված լինի Ադրբեջանի կողմից». Իրանագետ

«Կարծում եմ՝ մեր դիվանագիտական կորպուսը կկարողանա ելքեր գտնել ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության ֆոնին, և կկարողանան իրենց դիվանագիտական ճկունությամբ ճիշտ կողմնորոշվել այս խառնակ իրավիճակում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության համատեքստում ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը։

Նա այս պահին Հայաստանի դիրքորոշումը նորմալ է գնահատում, քանի որ, ըստ նրա՝ պետք չէ հստակորեն «մեկի կողմը բռնել» աշխարհաքաղաքական խառը վիճակում, հատկապես, որ այդ ամենը վտանգավոր է և կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։

«Իրավիճակի հետ կապված՝ Հայաստանի հայտարարությունները նորմալ էին, և որքանով  հասցրել եմ հետևել՝ դրանց վերաբերյալ իրանական կողմը բավականին գոհ է»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է այս ամենի համատեքստում Ադրբեջանից Հայաստանին սպառնացող վտանգներին, ապա, իրանագետի խոսքով՝ չի բացառվում, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը ղեկավարված լինի Ադրբեջանի կողմից։

«Տարբեր լրատվական մակարդակներով հայտարարվել է, որ Ադրբեջանը պատրաստ է իր տարածքը տրամադրել Իրանի դեմ գործողությունների համար։ Իսկ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, ինչո՞ւ ոչ՝ գործողություն է Իրանի դեմ։ Այս տարբերակը չպետք է բացառել, մենք շատ լավ գիտենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակաիրանական դիրքորոշումները և այն թշնամական վերաբերմունքը, որը տածում են Իրանի դեմ»,- եզրափակեց իրանագետը։

Հիշեցնենք, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Ղասեմ Սուլեյմանին սպանվել է հունվարի 2-ի գիշերը՝ Բաղդադի օդանավակայանից որոշակի հեռավորության վրա։

Տեսանյութեր

Լրահոս