Թեհրանում ավիաաղետի հետևանքով զոհվել է 168 ուղևոր է անձնակազմի 9 անդամ
Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) օպերատիվ շտաբ է ստեղծել Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» մարդատար ինքնաթիռի կործանման հանգամանքները պարզելու նպատակով, որի հետեւանքով զոհվել է 168 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել է ԱԱՊԽ-ի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարությամբ, Ուկրաինայի ԱԱՊԽ-ին առընթեր օպերատիվ շտաբ է ստեղծվել Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծեր» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռի աղետի կապակցությամբ»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Օպերատիվ շտաբի կազմում ընդգրկվել են Ուկրաինայի վարչապետը, ուժային գերատեսչությունների ղեկավարները: Շտաբի ղեկավարությունն իրականացնում է Ուկրաինայի ԱԱՊԽ-ի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Թեհրանի իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռիչքից հետո տեխնիկական անսարքության պատճառով կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիագծեր» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը, որը ուղեւորվում էր Կիեւ: Boeing կոնցեռնում ուսումնասիրում են Իրանում իր արտադրության ուկրաինական ինքնաթիռի կործանմանը վերաբերող տեղեկատվությունը: Իրանի փրկարար ծառայությունները հայտնաբերել են Boeing-737-ի սեւ արկղը, որը փոխանցվել է իրավապահ մարմիններին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին: Նա ընդհատել է ուղեւորությունը Օման եւ շտապ կարգով վերադառնում է Կիեւ: