Մինչև 2030 թվականն ԱՄՆ-ի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը կտառապի ճարպակալմամբ. Bloomberg
ԱՄՆ-ում ճարպակալման խնդիրն ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում, եւ մինչեւ 2030 թվականը երկրի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը քաշի զգալի ավելցուկ կունենա: Դեկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ «Ամերիկայում ճարպակալման խնդիրը շատ ավելի լուրջ է, քան թվում է», եւ տասը տարի հետո երկրի բնակչության 25 տոկոսի մոտ «ճարպակալման ծանր տեսակ» կախտորոշվի:
Որպես այդ միտման գլխավոր պատճառներ փորձագետները նշում են նստակյաց ապրելակերպը եւ քաղցր սննդի, ինչպես նաեւ տեխնոլոգիական մշակման ենթարկված սննդամթերքի լայն մատչելիությունը: Շատ ամերիկացիների համար, ինչպես նշել է գործակալությունը, այլընտրական առողջ սնունդն անթույլատրելի շքեղություն է:
Ճարպակալումը մեծացնում է առողջական վիճակի լուրջ վատթարացման ռիսկը: Այն կարող է հանգեցնել շաքարախտի, սրտի եւ անոթների հիվանդությունների: Այսօրվա դրությամբ, վերջին տվյալների համաձայն՝ չափահաս ամերիկացիների շուրջ 40 տոկոսն ավելորդ քաշի խնդիրներ ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: