Բաժիններ՝

Քրեակատարողական ծառայության և ՔԿ-ի մի շարք պաշտոնյաներ չարաշահել են իրենց դիրքը․ ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով, հունվարի 6-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով:

Ըստ աղբյուրի՝ ԱԱԾ-ում օպերատիվ ու հավաստի տեղեկություններ են ստացվել, որ նշված կառույցների մի շարք պաշտոնատար անձինք՝ պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, անցյալ տարվա հուլիսից մինչեւ հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, դատապարտյալների հիվանդանոցի նախկին դատապարտյալ Գառնիկ Նիկողոսյանի խնդրանքով եւ վերջինիս հետ համաձայնության գալու արդյունքում Յուրի Հակոբյանին, իսկ հետո՝ Արթուր Ազատյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ընդունել են որպես, այսպես կոչված, «զոն նայող»: Մի շարք դատապարտյալների, այդ թվում՝ իբրեւ «զոն նայող» Յու. Հակոբյանի եւ Ա. Ազատյանի համար ստեղծել են արտոնյալ պայմաններ, խորհուրդներ տվել նշված քրեակատարողական հիմնարկի այսպես կոչված «զոն նայող» Յու. Հակոբյանին՝ վարքագծի դրսեւորման հարցերով, ինչպես նաեւ տեղյակ լինելով նույնպես այսպես կոչված «զոն նայող» Ա. Ազատյանի մոտ բջջային հեռախոսներ լինելու հանգամանքի մասին, այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել: Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաեւ, որ Գ. Նիկողոսյանը եւ Հրաչյա Հակոբյանը պարբերաբար, առանց համապատասխան հաշվառման մատյանում գրանցվելու, այդ թվում՝ Mercedes մակնիշի 44 UV 444 համարանիշի ավտոմեքենայով, առանց խոչընդոտի մուտք են գործել դատապարտյալների հիվանդանոց եւ այնտեղ հանդիպել քրեակատարողական հիմնարկի տարբեր պաշտոնատար անձանց: Պարզվել է նաեւ, որ Գ. Նիկողոսյանի եւ քրեակատարողական ծառայության «իքս» աշխատակցի խնդրանքով, «ցեբեի» պաշտոնատար անձինք Ա. Ազատյանին դատապարտյալների հիվանդանոցից չեն տեղափոխել ըստ օրենքով նրան հատկացված քրեակատարողական հիմնարկ:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս