«Պատկան մարմինները ֆեյքերի հայտնաբերման գործում կիրառում են երկակի ստանդարտներ, երբ իրենց է պետք՝ ֆեյքերին գտնում են ու աղմուկ բարձրացնում». Սոնա Աղեկյան
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի խոսքով՝ ԱԱԾ-ի կողմից Դիանա անունով ֆեյքի հայտնաբերումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «անգործության հերթական քողարկումն է», մինչդեռ, երբ ֆեյքերն իրեն են սպառնում, որևէ մեկը դրանով չի զբաղվում։
«Եթե այդ ֆեյքը հայտնաբերվել է, ուրեմն սա Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է, նրա գլուխգործոցներից հերթականը։ Իսկ երբ այդ ֆեյքերից շատերն ինձ են սպառնում, որևէ մեկը դրանով չի զբաղվում։ Ֆեյսբուքում խումբ կա «Նիկոլ Փաշինյան. թավշյա հեղափոխություն» անվամբ, որտեղ մի գրառում անելուց հետո ֆեյքերը սկսում են ինձ սպառնալ։ Այդ բոլոր սպառնալիքները «սքրին» եմ արել, որպեսզի հանցագործության մասին հաղորդում ներկայացնեմ։ Մեկ անգամ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ոստիկանությանը և 6-րդ վարչությանը, բայց ինձ պատասխանել են, որ ֆեյք բացահայտելու հնարավորություն չունեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սոնա Աղեկյանը։
Ըստ նրա՝ ֆեյքերն իրեն զանգահարում են մեսինջերով ու անընդատ գրում և սպառնում են մինչև անգամ սպանել։
«Ես լավ գիտեմ, որ այս ամենով փորձում են ինձ լռեցնել, բայց ինքս չեմ վախենում նույնիսկ այդ ֆեյքերից ու իրենց սպառնալիքներից։ Եթե իրենք վախեցած են, ու իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերներից հետո ֆեյքերի բանակը մեծանում է, նշանակում է, որ նրանք վախենալու բան ունեն»,- շեշտեց Սոնա Աղեկյանը։
Նրա բնորոշմամբ՝ պատկան մարմինները ֆեյքերի հայտնաբերման գործում կիրառում են երկակի ստանդարտներ, երբ իրենց է պետք՝ ֆեյքերին գտնում են ու աղմուկ բարձրացնում, իսկ երբ մարդկանց կյանքին են նրանք սպառնում՝ բոլորը լռում են։ Ուստի այս ամենից կարելի է ենթադրել, որ ՀՀ քաղաքացու կյանքն արժեք չունի, բայց եթե վարչապետն է ցանկանում ֆեյքին բացահայտել, ապա բոլորը լծվում են այդ գործին, որ աղմուկն ապահովեն ժողովրդի համար։
«Զարմանում եմ՝ ինչից են ենթադրում, որ այդ ֆեյքը Քոչարյանի աջակիցն է, որ Քոչարյանի աջակիցը լիներ, այդ մասին կբարձրաձայնե՞ր, նա պարզապես կլռեր։ Կարծում եմ՝ նրան ստիպել են, որ նման բան ասի, մենք ապրում ենք Փաշինյանի բռնակալական երկրում, որտեղ նրա ասած՝ հպարտ քաղաքացու կյանքն արժեք չունի։ Նա ինչպես ցանկանում է, այնպես էլ մարդկանց մանիպուլյացնում է, ինչը խոսում է այն մասին, որ երկիրը ղեկավարում են մանիպուլյացիաներով։ Խոստանում եմ, որ 2020 թվականին այլևս այդպես չի լինելու, քանի որ ես շուտով ներկայացնելու եմ հզոր ընդդիմության ծրագիրը, որով ընդդիմությունը պետք է հանդես գա միասին»,- ընդգծեց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ ֆեյքերի կողմից իրեն սպառնալու համար երկու օր անց հանցագործության մասին հերթական հաղորդումը կներկայացնի ոստիկանությանը։