Փորձագետները կազմել են 2019 թվականին տեղի ունեցած բնական կատակլիզմների վարկանիշը
Անցնող 2019 թվականին աշխարհում տեղի է ունեցել 15 բնական կատակլիզմ, որոնցից յուրաքանչյուրից ուղղակի վնասները գերազանցում են 1 մլրդ դոլարը: Այդ մասին դեկտեմբերի 29-ին հայտնել է SABC հարավաֆրիկյան ռադիոընկերությունը՝ վկայակոչելով Christian aid միջազգային մարդասիրական կազմակերպության հաշվարկները, որը օժանդակություն է ցուցաբերում տարերային աղետների հետեւանքով տուժածներին:
2019 թվականի բնական աղետների թվում յոթն ավելի քան 10 մլրդ դոլարի չափով վնասներ են պատճառել յուրաքանչյուրը: Անցնող տարում տարերքի առավելի զգալի հարվածները բաժին են հասել ԱՄՆ-ին, Ճապոնիային, Չինաստանին եւ Հնդկաստանին:
Ամենախոշոր վնասները պատճառել են հոկտեմբեր-նոյեմբերի անտառային հրդեհները ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում՝ 25 մլրդ դոլար: 15 մլրդ դոլարի չափով կորուստներով երկրորդ դիրքում հայտնվել է հոկտեմբերին Ճապոնիան պատուհասած «Հագիբիս» թայֆունը: Սակայն եթե վնասներին ավելացնենք սեպտեմբերին «Ֆակսայ» թայֆունի պատճառած վնասի չափերը, ապա գումարը կհասնի 24 մլրդ դոլարի:
Վնասների չափով՝ 12,5 մլրդ դոլար, երրորդ տեղում մարտից մինչեւ հունիս ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում տեղի ունեցած հեղեղումն է, չորրորդ հորիզոնականում՝ 12 մլրդ դոլարի վնասով, տեղեավորվել է Չինաստանը, որը տուժել է հունիս-օգոստոսի հեղեղումներից: Առաջին հնգյակը 11,4 մլրդ դոլարով եզրափակում է «Դորիան» փոթորիկը, որը սեպտեմբերին մոլեգնել է Հյուսիսային Ամերիկայում: Հունիս-հոկտեմբերին Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած հեղեղումները 10 մլրդ դոլարի վնաս են հասցրել, նույն գումարի վնաս օգոստոսին Չինաստանին պատճառել է «Լեկիմա» թայֆունը:
Մարտ-հունիսին հեղեղումներից Իրանի կորուստները գնահատվում են 8,3 մլրդ դոլար: Սեպտեմբերին ԱՄՆ-ի Տեխասի նահանգը պատուհասած «Իմելդա» արեւադարձային փոթորիկը 8 մլրդ դոլարի վնաս է պատճառել: Մայիսին «Ֆանի» ցիկլոնը 8,1 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հնդկաստանին եւ Բանգլադեշին:
2019 թվականին տարերային աղետի հետեւանքով առավել մեծ թվով զոհվածներ են գրանցվել Հնդկաստանի հյուսիսում, որտեղ հեղեղումները 1,9 հազար մարդու կյանք են խլել:
Աֆրիկայի համար առավել ավերիչ է դարձել «Իդայ» արեւադարձային ցիկլոնը, որը մարտի 4-21-ը երկու անգամ անցավ Մոզամբիկի, Մադագասկարի, Զիմբաբվեի եւ Մալավիի տարածքով եւ հեղեղումներ առաջացրեց: Դրա պատճառած վնասը գնահատվում է 2 մլրդ դոլար:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է Christian aid-ը, 2019 թվականն ամենաանհանգիստներից մեկն է դարձել բնական կատակլիզմների տեսակետից՝ խախտելով տասնյակ միլիոնավոր մարդկանց բնականոն կյաքը եւ պատճառելով հսկայական տնտեսական վնաս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: