10 անհայտով հավասարում էր. Հայկ Ալումյանը՝ ԱԱԾ-ի տարածած տեսանյութի մասին. «Փաստինֆո»
ԱԱԾ-ի տարածած տեսանյութը 10 անհայտով հավասարում էր։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի հունվարի 5-ին տարածած տեսանյութին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ս.թ-ի հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում կեղծ տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։
Մեկ օր անց՝ հունվարի 4-ին՝ կեսգիշերին, ՀՀ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ հերքմամբ՝ նշելով, թե սա «այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»։
Հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտարարեց, թե պարզել են «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։ Ըստ ԱԱԾ-ի տեսանյութի՝ ձերբակալվածն ասել է, որ ունի ընդդիմադիր հայացքներ, իբր, անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։
Հայկ Ալումյանը նշեց, որ տեսանյութից տպավորություն է ստեղծվել, որ անձն անգիր արված խոսքեր էր ասում կամ իր առջև դրված էր համակարգիչ, որից վերջինս կարդում էր։
Նրա խոսքով՝ ավելի խորքային մեկնաբանել չի կարող, քանի որ դեռ ոչինչ պարզ չէ և տարածված տեսանյութում ընդամենը երևում է, որ ինչ-որ անձի ինչ-որ կասկածանքով ձերբակալել են։
ԱԱԾ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ նրան դեռևս մեղադրանք չի առաջադրվել, իսկ թե ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով է հարուցվել քրեական գործը՝ ԱԱԾ-ից չհայտնեցին։