Բաժիններ՝

Շվեյցարիայում միջատի նմանվող ռոբոտ են ստեղծել

Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի մասնագետները(EPFL) եւ նրանց ֆրանսիացի գործընկերներն ստեղծել են գերթեթեւ, շատ ճկուն եւ ամուր մինի ռոբոտ, որն արտաքինից փոքրիկ բզեզ կամ թիթեռնիկ է հիշեցնում: Ինչպես հայտնել են գյուտարարները, նման փոքրաչափ խելացի մեքենաների «պարսերը» կարող են հեռանկարում կիրառում գտնել դժվարամատչելի վայրերում նորոգման աշխատանքներ կատարելիս եւ միջատների գաղութների վարքն ուսումնասիրելիս: Իրենց հետազոտությունների մասին ռոբոտն ստեղծողները պատմել են Science Robotics հանդեսում։

Ռոբոտը, որն ստացել է «DEANsect» անվանումը, կարող է տեղաշարժվել վայրկյանում 3 սանտիմետր արագությամբ: Այն ստեղծվել է երկու տարբերակով: Առաջինը գործում է գերբարակ եւ ճկուն հաղորդալարով ստացվող էներգիայի հիման վրա: Ապարատը կարող է ծալվել:

Այն այնքան ամուր է, որ ի վիճակի է շարունակել շարժումը, նույնիսկ եթե այն կոշիկով տրորեք կամ խփեք ճանճսպանիչով: Երկրորդ տարբերակով ռոբոտը բացարձակ ինքնավար է. մարտկոցը եւ մյուս էլեկտրոնային բաղադրիչներն այն կրում է մեջքին: Այդպիսի «բզեզը» կարող է տարբերել լույսն ու մութը, ինչպես նաեւ տեղաշարժվել՝ հետեւելով մակերեւույթին նշված գծով, պահպանել շարժունակությունը տարբեր տիպի մակերեւույթների վրա:

«Մեր ռոբոտը կարող է մեջքին տեղափոխել այն ամենն, ինչ պահանջվում է դրա աշխատանքի համար, թեեւ այն կշռում է սոսկ 0,2 գրամ»,- լրագրողներին հայտարարել է EPFL-ի Ճկուն միկրոհամակարգերի լաբորատորիայի տնօրեն Հերբերտ Շեան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս