Ադրբեջանը տարածք է տրամադրում իսրայելական զինուժին` ծավալելու հետախուզական գործողություններ Իրանի նկատմամբ
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել`կապված որոշ արտասահմանյան լրատվամիջոցներով շրջանառվող այն տեղեկության հետ, որ Ադրբեջանի տարածքում տեղակայվել են իսրայելական մարտական ինքնաթիռներ:
Նշվում է, թե պարբերաբար միտումնավոր նման սադրիչ տեղեկության տարածում է կազմակերպվում: Ադրբեջանը պնդում է, թե տարածված այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը` օտարերկրյա որևէ մարտական ինքնաթիռ կամ ռազմական այլ սարքավորումներ տեղակայված չեն Ադրբեջանի տարածքում:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշված «օտարերկրյա սարքավորումներին», ապա պետք է հակադարձել և հիշեցնել ադրբեջանական պաշտպանական գերատեսչությանը, որ ըստ իրենց իսկ պաշտոնական բազմաթիվ հաղորդագրությունների, Ադրբեջանում իսրայելական «Aeronautics» ընկերության հետ համատեղ արտադրվում է «Pegasus 120» անօդաչու թռչող սարքը, որը բացի օդային հետախուզություն իրականացնելուց, հնարավորություն ունի նշանակված վայր տեղափոխել որոշակի քանակի զենք և զինամթերք: Համադրելով փաստերը, ակնհայտ է դառնում` Ադրբեջանի և Իսրայելի միջև առկա է սերտ ռազմական համագործակցություն, ինչը ձեռնտու է երկուստեք:
Ադրբեջանը գնում է Իսրայելից արտոնյալ պայմաններով զինատեսակներ և ստանում դրանցից որոշների համատեղ արտադրության հնարավորություն: Փոխարենն Ադրբեջանն Իսրայելի զինված ուժերին տրամադրում է իր տարածքը` Իրանի նկատմամբ հետախուզական գործողություններ ծավալելու, ինչպես նաև`անհրաժեշտության դեպքում հրթիռային հարվածներ հասցնելու:
Ի դեպ, տվյալ տեղեկությունը տարածել է հեղինակավոր «The New York Times» պարբերականը, որում, մասնավորապես, գրված է` «ամերիկյան լրտես արբանյակները հետևել են, թե ինչպես իսրայելական անօդաչու թռչող սարքերը թռչում են Ադրբեջանի ռազմակայաններից և ուղևորվում դեպի հարավ՝ Իրանի սահմանին։ Անօդաչու թռչող սարքերն իրականացրել են նաև Իրանի միջուկային օբյեկտների ֆոտո և տեսանկարահանում պարզելու՝ արդյո՞ք Իրանի հակաօդային պաշտպանության միջոցները հայտնաբերել են թռիչքները թե՞ ոչ»:
Հատկանշական է այն փաստը, որ իրաքյան զանգվածային լրատվական միջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Իսրայելն Իրաքում իրանցի զինվորականներին հարվածելու համար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, որոնք թռիչք էին իրականացրել Ադրբեջանի տարածքից: Այսպիսով, պաշտոնական Բաքուն հավատարիմ մնալով իր որդեգրած ապատեղեկատվության տարածման քաղաքականությանը, ջանք չի խնայելու միջազգային ատյաններում հերքելու իր օժանդակությունը իսրայելական զինուժին ընդդեմ Իրանի: