
Լոռու և Տավուշի մարզերի սահմանագծի մոտակայքում՝ սարալանջին բռնկված հրդեհն ինքնամարվել է

Հունվարի 2-ին, ժամը 10։00-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մեկնել է Ֆիոլետովո գյուղից դեպի հյուսիս՝ Լոռու և Տավուշի մարզերի սահմանագծի մոտակայքում՝ սարալանջին բռնկված հրդեհի վայր՝ տարածքի հետախուզություն իրականացնելու նպատակով: Պարզվել է, որ հրդեհն ինքնամարվել է: Այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ։
Նշենք, որ հունվարի 1-ին, ժամը 08:27-ին «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակա սարերում հրդեհի նշաններ են նկատվում: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու օպերատիվ խումբ:
Պարզվել էր, որ հրդեհի նշանները նկատվում են Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակայքում՝ սարալանջին: Այրվում էր մոտ 2-3 հա խոտածածկույթ: Տեղանքի դժվարանցանելիության պատճառով չէր հաջողվել հրդեհաշիջում կատարել. հրդեհի տարածման վտանգ չկար: Փրկարարներն իրականացրել էին հերթապահություն։