«Առողջ երեխայիս բերում եմ պատվաստման,  մահանում է». Նարեկ Գրիգորյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Նարեկ Գրիգորյանի բողոքը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով  հարուցված քրեական գործը կարճելու դեմ: Քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Նարեկ Գրիգորյանի 4.5 ամսական երեխան 2018-ի հունիսի 5-ին պատվաստվել է, ինչից 42 ժամ հետո՝ հուլիս 7-ին, մահացել է: Հայրը պնդում է՝ երեխային պոլիկլինիկա առողջ են տարել:

«Երեխայիս պատվաստել են Հերացի թիվ 1 պոլիկլինիկայում: Պատվաստումից երկու օր հետո, երբ երեխայիս վիճակը կտրուկ վատանում է, ներկայացնում եմ նույն բժշկին, ով մինչև պատվաստելը զննել է երեխայիս, նկարագրելով այն բոլոր սիմպտոմները, որոնք ի հայտ են եկել: Երեխաս եղել է լիովին արհամարհված այդ բժշկական հաստատությունում, ոչ մի բժշկական օգնություն երեխայիս չի ցուցաբերվել, ուղարկել են տուն: Երկու ժամ անց երեխաս  մահացել է Բաբլոյանի վերակենդանացման բաժանմունքում՝ սրտի կանգից»,- ասաց նա:

Նարեկ Գրիգորյանը պատմում է՝ գործի քննության ընթացքում պարզվել է, որ պատվաստանյութերից մեկի ժամկետն անցած է եղել, չեն պահպանվել նաև պատվաստումների միջև ընկած անհրաժեշտ ժամանակահատվածները. 45 օրվա  փոխարեն՝ եղել է 30 օր ընդմիջում.

«Երեխայիս ներարկել են ԱԿԴՊ կորեական հնգավալենտ պատվաստանյութ, պոլիոմելիտի ժամկետանց կաթիլային վակցինա, պրեմակոկային վակցինա:
Հերացի թիվ 1 պոլիկլինիկայից ձեռք բերված փատաթղթերից պարզ է դարձել, որ պոլիոմելիտի վակցինան եղել է 2015 թ.-ի, հաշվի առնելով, որ պոլիոմելիտի վակցինայի առավելագույն պահպանման ժամկետը -20 աստիճանում 2 տարի է, իսկ երեխայիս պատվաստել են 2018-ին, ստացվում է, որ երեխայիս տրամադրել են մեկ տարի ժամկետն անցած դեղամիջոց:  Քննության ընթացքում որևէ իրեղեն ապացույց, որ պատվաստանյութը եղել է ժամկետի մեջ, մեզ չի տրամադրվել»:

Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ երեխան շուրջ 30 հիվանդություն է ունեցել, այդ թվում՝ բնածին սրտի արատ:  Նարեկ Գրիգորյանը պնդում է՝ եթե անգամ երեխան հիվանդություններ է ունեցել, Քրեական օրենգրքի 13-րդ հոդվածը շարունակում է ակտուալ մնալ, քանի որ բժիշկները ծնողներին այդ մասին չեն ասել.

«Ստացվում է, որ ես իմ առողջ երեխային բերում եմ պատվաստման, երեխաս մահանում է, բայց պատվաստանյութը կապ չունի: Պարզվում է, որ երեխաս ունի սրտի արատ, որը ևս  բժիշկների կողմից չի հայտնաբերվել, բայց դա ևս բժշկական սխալի հետևանք չէ՞: Այսինքն՝ մեր օրենքն ու օրինականությունը հետևյալն է, որ մարդիկ առանց որևէ պատճառի մահանում են, և դրա համար ոչ ոք մեղավոր չէ:  Եթե անգամ ընդունենք, որ երեխաս ունեցել է սրտի արատ, ապա այդ նույն քրեական գործը պետք է հարուցվեր «Աստղիկ» բ/կ-ի և Հերացի թիվ 1 պոլիկլինիկայի բժիշկների նկատմամբ, հենց միայն այն փաստի համար, որ ծնողին չեն տեղեկացրել, երեխայի առողջական վիճակի մասին ճշգրիտ տեղեկություն չեն տվել, ինչը հանգեցրել է մահվան»:

Նարեկ Գրիգորյանի պնդմամբ՝ դատաբժշկական փորձաքննությունից բացակայում է նաև երեխայի սրտի լուսանկարը, որը կապացուցեր հիվանդ սրտի փաստը:  2018թ.-ին մահացած երեխայի հայրը հանդիպել է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ.

«Նա փորձեց «ախպերավարի» մոտեցում ցուցաբերել, ասաց՝ «այ, օրինակ՝ ես, որ պապա եմ, իմ երեխային տանում եմ պատվաստման, գիտակցում եմ, որ իմ երեխան կարող է լինել այն մեկ միլիոնից մեկը, որը կմահանա, այսինքն՝ մարդը մտածում է, որ այդպիսի պատասխան տալով ծնողին՝ փափկեցրեց, հանգստացրեց, մխիթարեց»:

Նարեկ Գրիգորյանը մտահոգություն է հայտնում, որ Հայաստանում չկա պետությունից անկախ փորձագիտական խումբ, որը կմասնակցի բժիշկների լիցենզավորմանը, անկախ կգնահատի նրանց աշխատանքը: Դատարան դիմելով՝ հույս ունի վերացնել քննիչի որոշումը՝ քրեական գործը կարճելու վերաբերյալ, և պարզել երեխայի մահվան իրական պատճառները:

Նիստը հետաձգվեց, քանի որ ներկա չէին ոչ մեղադրող կողմը, ոչ էլ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանը: Մեղադրող կողմը չներկայանալու  մասին որևէ պատճառաբանություն դատարանին չէին ներկայացրել, դատարանին չէին ուղարկվել նաև քրեական գործի նյութերը: Հաջորդ նիստը տեղի կունենա 2020թ.  մարտի 19-ին, ժամը 16:00-ին:

Տեսանյութեր

Լրահոս