«Հ1-ն ունի ընդգծված իշխանական բովանդակություն». Շուշան Դոյդոյան

2019 թվականի ընթացքում լրատվամիջոցների վրա հարձակման երկու դեպք ունեցանք՝ առաջինը՝ «Հայելի» ակումբի, իսկ երկրորդը՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա:  Թեև լրագրողական հանրությանը թվում էր, թե նման փողոցային հաշվեհարդարների ականատես այլևս չենք լինի, պարզվեց, ավաղ, դեռ կան շերտեր, որոնք հարցերի լուծման նման տարբերակների կողմնակից են։ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

«Ի տարբերություն «Հայելի» ակումբի՝ «ժողովուրդ» օրաթերթի պարագայում անհասկանալի է մնում վերջնական նպատակը։ Դեռ հայտնի չէ, թե ինչո՞ւ են հարձակվել խմբագրության վրա, և  ո՞վ էր կատարողը, մանավանդ, որ որևէ բան խմբագրությունից չի կորել, թեև ես դրանում կասկածներ ունեմ»,- ասաց  Դոյդոյանը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը նշեց, որ իրեն այս հարձակումներից զատ՝ անհանգստացնում է նաև այն վիճակագրությունը, որն ունենք ԶԼՄ-ների դեմ դատական գործերի մասով։

Ըստ Դոյդոյանի՝ կա դատական հայցերի կտրուկ աճ, իսկ բոլոր հայցադիմումների հիմքում՝ որպես պահանջ, դրված է ֆինանսական փոխհատուցումը, իսկ հայցապահանջ ներկայացնողների զգալի մասը պետական պաշտոնյաներ են։

«Ես կցանկանայի, որ հայցապահանջ ներկայացնողները լինեին սովորական ֆիզիկական անձինք, և ոչ թե՝ պաշտոնյաներ։ Նրանք պետք է էլ ավելի շատ հանդուրժողականություն դրսևորեն։ Կան քաղաքական գործիչներ, որոնք դրսևորում են անհանդուրժող վերաբերմունք, ունենք, օրինակ, պատգամավոր, որն արդեն 8 հայց է ներկայացրել տարբեր լրատվամիջոցների դեմ։ Այդ  պատգամավորը Հայկ  Սարգսյանն է, և ես նրան խորհուրդ կտամ, որ ավելի ճիշտ պատկերացնի իր դերը հանրային քաղաքականության առումով»,- ասաց  Դոյդոյանը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահի խոսքով՝ «Ժողովուրդ» օրաթերթի վրա տեղի ունեցած հարձակումն առաջին հերթին՝ վնասում է նույն իշխանությանը, հետևաբար՝ չի կիսում այն տեսակետները, թե այս հարձակումը սլաքներն իշխանության վրայից շեղելու միտում է հետապնդում։

«Սա առաջինը վնասում է հենց իշխանությանը, քանի որ համեմատաբար հանգիստ տարի էր, չկային սրված քաղաքական իրադարձություններ, որոնց ժամանակ  մամուլի դեմ հարաբերությունները սովորաբար սրվում են։ Չմոռանանք, որ նման դեպքերը իրենց արտահայտությունն են գտնում միջազգային կազմակերպությունների զեկույցներում, և մենք արդեն իսկ ունենք բացասական արձագանք, հետևաբար, կրկնում եմ՝ սա ուղղակի հարվածում է և հակասում  իշխանության շահերին։  Որևէ կերպ չեմ կարող սա համարել իշխանության կողմից հրահրված կամ ուղղորդված քայլ, թե իբրև՝ տեսեք, հարձակում է տեղի ունենում նաև պրոիշխանական լրատվամիջոցի նկատմամբ, թեև ես չեմ էլ կարծում, որ «Ժողովուրդ» օրաթերթը պրոիշխանական է»,- ասաց  Դոյդոյանը։

Խոսելով  լրատվամիջոցների ազատության մասին՝ ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը նշեց, որ, եթե նախկինում կային խնդիրներ կապված այս կամ այն հեռուստաընկերությանը եթերաժամ տրամադրելու հետ, հիմա նման խնդիր չկա, և չկան մեկ կենտրոնից կառավարվող հեռուստաընկերություններ  ու սև ցուցակներ։

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության գործունությանը՝  Շուշան Դոյդոյանը շեշտեց, որ այս հեռուստաընկերությունը՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա ունի ընդգծված իշխանական բովանդակություն։

«Ես դատում եմ՝ որպես հեռուստադիտող, և, ցավոք, Հ1-ին նայելով՝ տեսնում եմ կողմնապահ, իշխանության դիրքորոշումը ներկայացնող լրատմամիջոց։ Չեմ տեսնում, որ Հանրային հեռուստաընկերությունն անկողմնակալ, անաչառ  և իսկապես հասարակության տեղեկատվություն ստանալու պահանջին բավարարող լրատվամիջոց է, այսինքն՝ էնպիսին, ինչպիսին պետք է լիներ, որովհետև Հանրայինը հարկատուների վճարած հարկերից է սնվում»,- ասաց  Շուշան Դոյդոյանը՝ նշելով, որ գուցե այդ ուղղությամբ քայլեր արվում են, սակայն պետք է անել ավելի արագ և համակարգված և չգնալ ոչ խորքային և ոչ համակարգային բարեփոխումների։

Շուշան Դոյդոյանը դեմ արտահայտվեց նաև Արդարադատության նախարարության ներկայացրած նոր նախագծին, ըստ որի՝ առաջարկվում է մեկ եթերաժամում «Հանրային» հեռուստաընկերությանը կրկին հինգ րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու հնարավորություն տալ։

«Դեմ եմ արտահայտվել այս նախագծին։ Կարծում եմ, որ Հանրայինին մեզանից յուրաքանչյուրիս վճարած հարկերից պետական բյուջեն արդեն իսկ հսկայական միջոցներ է տրամադրում, որպեսզի վերջինս կատարի իր առջև դրված առաքելությունը։ Կարծում եմ՝ այս նախագիծը հարվածելու է նաև մասնավոր հեռուստաընկերությունների շահերին, որովհետև գովազդատուների մի զգալի բանակ որոշելու է իր միջոցներն ուղղել Հանրայինին։ Սա կլինի հարված մասնավոր հեռուստաընկերությունների բիզնես շահերին»,- ասաց նա։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը չբացառեց նաև, որ այս նախագծով  փորձ է արվելու ֆինանսական հոսքերն ուղղել պրոիշխանական լրատվամիջոցին։

«Վարկած կա, որ փորձ է արվում  գովազդատուների ֆինանսական հոսքերն ուղղորդել Հանրային հեռուստաընկերություն, և ոչ թե՝ այնպիսի լրատվամիջոցների, որոնք հակակառավարական լուսաբանում  և քարոզչություն են անում։ Փորձում են այդ գումարները տալ Հանրային հեռուստաընկերությանը, որը, որոշ դեպքերում, սպասարկում է Կառավարության ակնկալիքները։ Ես գտնում եմ, որ ի սկզբանե սխալ մոտեցում է որդեգրված, որովհետև ինձ համար անընդունելի է և՛ պրոկառավարական մոտեցումներ լուսաբանող, և՛ մշտապես սև լույսի ներքո ցանկացած բարեփոխում ներկայացնող հեռուստաընկերությունների գոյությունը։ Պետք է ջանքեր գործադրել, որպեսզի դաշտում նոր խաղացողներ  հայտնվեն և ապահովեն անկողմնակալ լրատվություն»,- ասաց  Դոյդոյանը՝ նկատելով, որ այս նախագծի վերաբերյալ այս փուլում ծավալվել են քննարկումներ, և որպես տարբերակ՝ կարելի է առաջարկել, որ, եթե Հ1-ին տրվի վճարով  գովազդի հնարավորություն, ուրեմն պետք է այդ դեպքում նվազեցնել պետությունից տրվող ֆինանսավորումը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս