
«Այս ամբողջ շրջանում, ներառյալ վերջին ավելի քան 1,5 տարին, ԵՄ-ի հետ ձևավորված է չափազանց հստակ ու դրական օրակարգ». Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության հետ ձևավորել է չափազանց հստակ և դրական օրակարգ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին նոյեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի ղեկավարի փոփոխությանը:
«Այս ամբողջ շրջանում, ներառյալ վերջին ավելի քան 1,5 տարին, ԵՄ-ի հետ ձևավորված է չափազանց հստակ ու դրական օրակարգ, շատ հստակ արդյունքներով, առաջընթացով: Գիտեք նաև ԵՄ-ի ներգրավվածության ծավալները մեր ազգային զարգացման, բարեփոխումների օրակարգում: Այս ամենը չի փոխվում հանձնաժողովի փոփոխությամբ, և շարունակականությունը բնականաբար գոյություն ունի: Մենք, իհարկե, սպասում ենք, երբ նոր հանձնաժողովը կսկսի գործել, որպեսզի մենք շարունակենք մեր օրակարգը»,- ասաց Մնացականյանը: