«Դեմ եմ, որ գազն ընդհանրապես շենք մտնի, կաթսայատունը պետք է հեռու լինի». Էներգետիկայի փորձագետ
Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1քմ հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտԺ/քմ, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/քմ ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով): Հայաստանում արագորեն զարգանում է արևային ջերմային էներգետիկան:
Մասնավոր հատվածի կողմից ներմուծվում են՝ ինչպես արևային ջրատաքացուցիչ համակարգերի առանձին մասեր, դրանց հետագա հավաքակցման նպատակով, այնպես էլ՝ ամբողջական համակարգեր:
Էներգետիկայի փորձագետ, ՀՀ էներգետիկայի նախարարության ռազմավարական զարգացման վարչության նախկին ղեկավար, ՀՀ-ում «Ֆարտոֆին» էներգետիկ կոնսորցիումի ներկայացուցիչ Բաբկեն Գարոյանի խոսքով՝ արևային էներգիային անցնելը պետք է մտածված լինի:
«Ասում ենք՝ ձրի էներգիա, բայց սարքավորումներ են, չէ՞, պետք: Շատ երկրներում տների կտուրներին ջրատաքացուցիչներ են դրված: Էֆեկտիվ է, տարբերակները պետք է նայել. մոտ 200.000 դրամով կարող ես գնել՝ կախված տան բնակիչների քանակից: Հաշվարկված է, որ օրը 1-2 անգամ պետք է ջուրն օգտագործել, որ չեռա, ռեսուրսը շարքից շուտ դուրս չգա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բաբկեն Գարոյանը:
«Ես ամբողջությամբ նայել եմ ֆինների փորձը, ամենահյուսիսային երկիրը Եվրոպայում ամենաէժան էներգիան ունի: Նրանք մեզ ասում են՝ ձեր գազն էժան է, ինչպես նայում ենք՝ մի էֆեկտիվ կաթսա դնեք, շատ ավելի արդյունավետ կլինի: Վաղը-մյուս օրը փոխվի մի բան՝ կբերեք, կավելացնեք, բայց ինչո՞ւ եք հիմիկվանից ձեզ ծանրաբեռնում: Իրենք պրակտիկ են նայում: Ֆինլանդիայում աթոռ կա, դրա վրա ավելորդ բաներ չկան, հարմար աթոռ են սարքում, առյուծ ու ավելորդ բաներ չեն դնում: Անվտանգության տեսանկյունից մենք շատ դեպքեր ենք ունենում գազի հետ կապված: Ես՝ որպես ջերմագազամատակարարման մասնագետ, դեմ եմ, որ գազն ընդհանրապես շենք մտնի: Կաթսայատունը պետք է հեռու լինի, գազը՝ անվտանգ, իսկ ճաշ պատրաստելը նույն էլեկտրականությամբ կարելի է անել»,- հավելեց նա:
Անի Կարապետյան