«Դա իմ որոշումը չէ, ես չեմ նշանակում կամ հանում տեղակալին». Տաթևիկ Ռևազյանը՝ Քաղավիացիայի կոմիտեի ազատումների մասին

«Փաստ» օրաթերթի՝ ՀՀ քաղավիացիայի ոլորտին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել են, որ առկա են լուրջ խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են ոլորտից հին ու փորձառու մասնագետների հեռանալու հանգամանքով։

«Մասնավորաբար, «կլասիկ» պատգամավորի խոսքերով, «սիրուն աղջկա» «թեթև ձեռքով» իրենց զբաղեցրած պաշտոնները լքել են Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը, իրավաբանական վարչության պետ Լևոն Ջանիբեկյանը, ինչպես նաև կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը, որը պատասխանատու էր ավիացիոն անվտանգության վերահսկման համար»,- գրում է թերթը:

168.amՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանից փորձեց պարզել, թե ինչու են ազատվել և ազատվում մասնագետներից:

Ռևազյանը նախ նշեց, որ հեռախոսով չի կարող խոսել, և առաջարկեց Ֆեյսբուք սոցիալական ցանցով ուղարկել հոդվածը՝ խոստանալով ծանոթանալուց հետո պատասխանել: Այնուհետ նա լատինատառ ուղարկեց մեր հարցի պատասխանը.

«Ես պատրաստ չեմ նույն հերքումներն անել: Այս թեմայով մենք շուտվանից հերքել ենք: Միայն Պողոսյանի դեպքն է նորություն, և դա իմ որոշումը չէ, ես չեմ նշանակում կամ հանում, դա տեղակալի պաշտոն է»:

Մեր հակադարձմանը՝ իսկ մյուսներից ինչո՞ւ եք ազատվել, հիշեցրեք ձեր նշած հերքումը, և բացի այդ՝ ձեր առաջարկությամբ է կառավարությունն ազատում կամ նշանակում ձեր տեղակալին, Տաթևիկ Ռևազյանն այդպես էլ չպատասխանեց՝ ոչ հեռախոսը վերցրեց, ոչ էլ Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով արձագանքեց մեր հակադարձմանը:

Դեռ ամիսներ առաջ  Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, թե «դուրս է գալիս՝ անձնական պատճառներից ելնելով», թեպետ այլ վարկած էր շրջանառվում՝ կապված Տաթևիկ Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետ:

Մարիամ Պետրոսյան

 

Տեսանյութեր

Լրահոս