«Վիլյնուս քաղաքում Աննա Հակոբյանի ունեցած բոլոր հանդիպումները կազմակերպվել են լիտվական կողմի նախաձեռնությամբ». Աննա Հակոբյանի գրասենյակ

Նոյեմբերի 18-22-ը ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Լիտվա, Իսլանդիա և Իտալիա կատարած ուղևորությունների վերաբերյալ 168.am-ը հարցադրումներ էր ուղղել նրա գրասենյակին:

Մասնավորապես, մենք հարց էինք ուղղել, թե ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը  Լիտվայի Հանրապետությունում հանդիպում է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսի հետ, ի՞նչ հարցեր են քննարկվել, ի՞նչ կարգավիճակով է ներկայացել Աննա Հակոբյանը նշված հանդիպմանը, քանի որ նա պաշտոնատար անձ չէ:

Վարչապետի տիկնոջ գրասենյակից մեզ պատասխանել են, որ նախ՝ «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ,  ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Վիլնյուս է մեկնել Լիտվայի արտաքին գործերի նախարարության հրավերով: «Բոլոր հանդիպումները կազմակերպվել են լիտվական կողմի նախաձեռնությամբ»,- ասված է գրասենյակի պատասխանի մեջ:

Տեղեկացրել են նաև, որ Լիտվայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն Աննա Հակոբյանը Լինաս Լինկևիչիուսի խնդրանքով ներկայացրել է իր երկու հիմնադրամների գործունեությունն ու «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության նպատակը:

Հարցրել էինք նաև նոյեմբերի 19-ին Աննա Հակոբյանի՝ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ մեկնելու, «Կին առաջնորդների» ֆորումին նրա մասնակցության մասին, որի շրջանակներում զրույց է ունեցել Լիտվայի պաշտոնաթող նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ, որը հայտնի է իր անթաքույց ռուսատյացությամբ:

Մեզ հետաքրքիր էր, թե ո՞րն է եղել այդ զրույցի բովանդակությունը, հարցերի ի՞նչ շրջանակ է քննարկվել դրա ընթացքում, ո՞ւմ կողմից է եղել զրույցի նախաձեռնությունը:

Վարչապետի տիկնոջ գրասենյակից ստացված պատասխանում նշվում է, որ նոյեմբերի 19-ին Աննա Հակոբյանը պաշտոնական հրավերով ներկա է գտնվել «Ռեյկյավիկի գլոբալ ֆորում. կին առաջնորդներ» խորագրով խորհրդաժողովին, որի շրջանակներում Աննա Հակոբյանը լիտվական կողմի նախաձեռնությամբ հանդիպել է Լիտվայի պաշտոնաթող նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ:

«Հաշվի առնելով, որ տիկին Գրիբաուսկայտեն համաժողովի ակտիվ անդամներից է, նրա և համաժողովի նախագահների հետ քննարկվել և մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել ապագա համագործակցության վերաբերյալ: Նշվում է, որ այս առնչությամբ նույնպես հրապարակվել և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է պաշտոնական հաղորդագրություն:

168.am-ը հրապարակում է այդ հաղորդագրությունը. «Խորհրդաժողովի շրջանակում Աննա Հակոբյանն առանձնազրույց է ունեցել Լիտվայի պաշտոնաթող նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի (Dalia Grybauskaitė) հետ։ Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է կանանց լիարժեք ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համապատասխան ծրագրեր մշակել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ»:

Այնուամենայնիվ, պետք է նշենք, որ վերը բերված հաղորդագրությունը չի պատասխանում այն հարցին, թե ակնհայտ ռուսատյաց, Լիտվայի պաշտոնաթող նախագահի հետ կոնկրետ ի՞նչ համագործակցության մասին է խոսքը:

Հարցին, թե ի՞նչ աղբյուրներից են ֆինանսավորվել Աննա Հակոբյանի Լիտվա և Իսլանդիա ուղևորությունները, վերջինիս գրասենյակը տեղեկացնում է, որ դրանք ամբողջովին ֆինանսավորվել են Լիտվայի Արտաքին գործերի նախարարության կողմից:

168.am-ը հարց էր ուղղել նաև, թե ինչո՞ւ տիկին Աննա Հակոբյանը ներկա չէր ոչ Վենետիկի այցին, ոչ Սուրբ Ղազար կղզում ընդունելությանը, ոչ Միլանում պաշտոնական հատվածին ու համայնքի հետ հանդիպմանը, մինչդեռ  ՀՀ կառավարությունը հաղորդագրություն էր տարածել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիայի Հանրապետություն:

Այցը մեկնարկել էր Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանը այցելեց Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, որտեղ հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության անդամների հետ: Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Միլան, սակայն այցի առաջին հատվածին տիկինը չէր ուղեկցում ՀՀ վարչապետին:

Հարցրել էինք, թե ինչո՞վ էր պայմանավորված ՀՀ վարչապետի տիկնոջ այցելությունների գրաֆիկի փոփոխությունը:

ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից մեզ պատասխանել էին, որ Աննա Հակոբյանը Միլան է մեկնել Ռեյկյավիկի համաժողովից հետո՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իտալիա պաշտոնական այցի հանդիպումներին:

«Հաշվի առնելով ճանապարհային և տրանսպորտային խնդիրները՝ տիկին Հակոբյանը չի կարողացել ներկա գտնվել Վենետիկում կայացած հանդիպումներին»,- ասված է գրասենյակի պատասխանում:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս