Նիկոլ Փաշինյանի ենթագիտակցական կոդերը

Երեկ Հատուկ քննչական ծառայության  ծառայողի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին զեղումներ է կատարել Աստվածաշնչյան թեմաներով: Նա նախ՝ խոսելով քննիչների աշխատանքի դժվարությունների ու անմարդկային պայմանների մասին, նշել է, թե այդ ճանապարհը յուրահատուկ Գողգոթա է, որը պետք է անցնել: Իսկ արդեն պետական ծառայողների դերին անդրադառնալիս՝ Փաշինյանը խոսել է այն մասին, որ շատ պաշտոնյաներ՝ պաշտոնի նշանակվելիս, տառապում են իշխանի, բդեշխի բարդույթով:

Նա ասել է, որ այդ բարդույթը պետք է փոխարինել Հիսուսի բարդույթով, որը նշանակում է՝ միաժամանակ լինել և՛ տեր, և՛ ծառա:
Սա վերջին երկու շաբաթվա մեջ արդեն երկրորդ դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը զուգահեռներ է անցկացնում իր, իր իշխանության և Տիրոջ միջև:

Հիշեցնենք, որ Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էլ նա անձամբ իրեն էր համեմատել Հիսուս Քրիոստոսի հետ՝ նշելով, որ ինքը, ինչպես Հիսուսը, սեր է քարոզում:

Առաջին հայացքից՝ որևէ վատ բան չկա, երբ քրիստոնյա մարդը, քրիստոնեական երկրի ղեկավարը մեջբերումներ կամ համեմատություններ է կատարում Աստվածաշնչից: Սակայն խնդիրը, թերևս, շատ ավելի խորքային է և շոշափում է մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի անձնական՝ հոգեբանական, մյուս կողմից՝ նրա իշխանության բնույթին առնչվող թաքնված շերտերը: Անձնական մակարդակում սեփական անձի և Աստծո միջև համեմատությունները հոգեբանական տերմինաբանությամբ վկայում են տվյալ անձի մեծամոլական հակումների մասին, ինչն արդեն իսկ խնդրահարույց է երկրի ղեկավարի պարագայում և նվազագույնը կարող է ունենալ իրականությունից կտրվելու ու, ըստ այդմ, ոչ ադեկվատ որոշումներ կայացնելու դրսևորումներ:

Իհարկե, հոգեբաններն ավելի մասնագիտորեն կախտորոշեն այդ խնդիրը, բայց առնվազն առաջին ընկալմամբ՝ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն համեմատելով Քրիստոսի հետ, իսկ պաշտոնյաներին պատվիրակելով իշխանի բարդույթը փոխարինել Հիսուսի բարդույթով, ենթագիտակցորեն իրեն վերապահում է՝ Հիսուսի, պաշտոնյաներին էլ՝ աշակերտների կամ առաքյալների դերը: Ավելի գլոբալ, ոչ անձնային՝ իշխանության բնույթին առնչվող հարթությունում, այս երևույթն ըստ ամենայնի իշխանության կողմից որևէ գաղափարախոսության չդավանելու անուղղակի հետևանքն է:

Գաղափարախոսության բացակայությունը Նիկոլ Փաշինյանն այս կերպ փորձում է լրացնել հավատով, կրոնով, ինչը քրիստոնյա հասարակության պարագայում գուցե և արդարացված համարվի առաջին հայացքից: Իսկ ավելի խորքում դա իշխանության ավտորիտար բնույթի ևս մեկ վկայություն է, քանի որ կրոնական կամ դավանաբանական գաղափարներով հասարակության հետ հարաբերությունը բնորոշ է հենց ավտորիտար իշխանություններին:

Շատ բարդ է ասել, արդյոք սա Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծային գիտակցված ընտրությո՞ւն է, թե՞ ենթագիտակցության արտահայտություն: Բոլոր դեպքերում Աստվածաշնչից այդքան շատ մեջբերումներ ու համեմատություններ անող Նիկոլ Փաշինյանին չէր խանգարի վերընթերցել աստվածաշնչյան մեղքերից այն մեկը, ըստ որի՝ Տիրոջ անունը զուր արտասանելը նույնպես մեղք է՝ «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»:

Տեսանյութեր

Լրահոս