«Պարզ էր, որ այս մարդկանց խնդիրն իշխանությունը վերցնելն է». Ստեփան Դանիելյան
«Տպավորություն է, որ Մեհրիբան Ալիևան լինելու է Ադրբեջանի հաջորդ նախագահը: Մեհրիբան Ալիևային արդեն ընդունելության են արժանացնում ՌԴ նախագահը, վարչապետը, պարգևատրում են, որը խորհրդանշական է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Ադրբեջանում սպասվելիք խորհրդարանակն ընտրությունները, ըստ նրա՝ որոշակի կլանային փոփոխություններ են ենթադրում: Նրա խոսքով՝ Արցախի հարցում այս փոփոխությունները գլոբալ առումով ոչինչ չեն փոխի. «Ուղղակի որոշակի հռետորաբանություն կլինի: Սա շատ վտանգավոր փուլ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական կառուցվածքը, որովհետև շատ կլաններից կարող են ձերբակալություններ լինել, փոքրիկ ապստամբությունների փորձեր լինել, այսինքն՝ այդ ղեկավարի անցումը բավականին դժվար փուլ է, չնայած, որ նա ներկայիս ղեկավարի կինն է»:
Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Արցախի հարցում գործընթացների կարելի է սպասել, երբ աշխարհաքաղաքական փոփոխություններ լինեն. «Երբ աշխարհաքաղաքական ստատուս-քվոն պահպանվում է, ինձ թվում է՝ լուրջ գործողություններ չեն լինի»:
Ինչ վերաբերում է ներհայաստանյան իրադարձություններին, նա նշեց, որ 2018թ. մայիսի կեսերին, երբ Հայաստանում իշխանությունը փոխվել էր, ինքն ասել է՝ հեղափոխությունը պետք է փրկել հեղափոխականներից.
«Կարող էին ֆունդամենտալ փոփոխություններ լինել երկրում, բայց պարզ էր, որ այս մարդկանց խնդիրն իշխանությունը վերցնելն է: Շատ կոնկրետ քայլեր պետք է արվեին, որոնք չարվեցին»:
Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում