
Ադրբեջանի խորհրդարանը հաստատեց ինքնարձակման հարցի շուրջ նիստի անցկացումը

Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) դեկտեմբերի 2-ին կքննարկի օրենսդիր մարմնի ինքնարձակման վերաբերյալ «Նոր Ադրբեջան» կառավարող կուսակցության նախաձեռնությունը, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը:
Ավելի վաղ իշխող կուսակցության քաղաքական խորհուրդը նիստ է անցկացրել, որտեղ կուսակցությունից խորհրդարանում ներկայացված պատգամավորներին հանձնարարվել է հանդես գալ Միլի մեջլիսի ինքնարձակման նախաձեռնությամբ: Իշխող կուսակցության փոխնախագահ-գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել է, որ այդ որոշումն ընդունվել է պետության ղեկավարի՝ բարեփոխումների ու կադրային վերադասավորումների քաղաքականությանն աջակցելու նպատակով:
«Դեկտեմբերի 2-ին տեղի կունենա Միլի մեջլիսի հատուկ նիստը, որտեղ կքննարկվի խորհրդարանի ինքնարձակման հարցը»,-ասել է Ասադովը:
Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած է 125 պատգամավորից, պատգամավորական մանդատների մեծամասնությունը պատկանում է կառավարող կուսակցությանը: Երկրում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան 2020 թվականի նոեմբերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: