«Կառաջարկեի «Հայաստան» հիմնադրամին՝ գնահատման գործընթաց նախաձեռնել». Թևան Պողոսյան
«Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո իրականացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019 թվականի հեռուստամարաթոնի շրջանակում հանգանակվել է ավելի քիչ գումար, քան նախորդ տարիներին՝ 9.856.100 դոլար:
Նախորդ տարի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով այս տարի արձանագրված նվիրատվությունների նվազմանը, «Հայաստան» հիմնադրամին առաջարկեց գնահատման գործընթաց նախաձեռնել:
«Ես կառաջարկեի, որ հենց «Հայաստան» հիմնադրամն ինքը գնահատման գործընթաց նախաձեռնի և զեկույցով հանդես գա՝ ներկայացնելու, թե իր նոր նախաձեռնություններից և ծրագրերից որոնք են նպատակադրվել և չեն իրականացվել, արդյունքները չեն բավարարել: Եվ դրա հիման վրա՝ առաջարկի բացերի հարթման և, ինչո՞ւ չէ, նոր մոտեցումների ծրագրեր»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ հեռուստամարաթոնի քարոզարշավը պետք է սկսվեր օգոստոս-սեպտեմբերից, ավելին, «կլոր տարին» պետք է իրականացվի:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ֆինանսական հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը ևս այն կարծիքին է, որ պետք է ուսումնասիրություններ իրականացվեն:
«Ուսումնասիրության կարիք ունի, բայց կարծում եմ՝ Հայաստանն ունի վարկանիշի անկում, քանի որ մեծ աղմուկով ձերբակալվեց նախկին տնօրենը: Կարող էին այս հիմնադրամի վարկանիշի մասին մտածել և անաղմուկ գործել: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, թերևս, բոլոր հիմնադրամներից ամենակարևոր գործառույթ իրականացնողն էր՝ թե՛ բովանդակությամբ, թե՛ համահայկական միասնականության իդեոլոգիայի իմաստով»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Մարիամ Պետրոսյան