Բաժիններ՝

Առաջարկում են Գայի պողոտան անվանափոխել Արայիկ Խանդոյանի անունով

«Հասարակական առաջընթաց» ՀԿ-ն առաջարկ է ներկայացրել Նոր Նորքի ղեկավարին՝ Գայի պողոտան անվանափոխել Արցախյան պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) անունով:

«Առաջարկը հիմնավորում ենք Արայիկ Խանդոյանի հերոսական անցյալով, Հայրենիքի առջև մատուցած ծանրակշիռ ծառայությամբ, ինչպես նաև կենդանության օրոք Նոր Նորք վարչական շրջանի հետ նրա առնչությամբ: Ինքը բնակվել է Նոր Նորքում, ունի շատ ընկերներ, հարազատներ: Արայիկ Խանդոյանին վաղուց եմ ճանաչում, դեռևս պատերազմի ժամանակ եկել-գնացել է մեր տուն, այստեղ ապրել է,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հասարակական առաջընթաց»  ՀԿ նախագահ Արթուր Մովսիսյանը՝ հավելելով,- Մենք հիմա պետք է տեղեկանք վերցնենք Կադաստրից այն մասին, որ Երևանում Արայիկ Խանդոյանի անունով փողոց չկա: Դրանից հետո մեր դիմում-առաջարկը կներկայացնենք Քաղաքապետարան: Կազմակերպում ենք նաև ստորագրահավաք, կսկսենք հաջորդ շաբաթվանից: Իսկ այն, թե մարդիկ կասեն՝ ինչո՞ւ իր գյուղում որևէ փողոց չեն անվանափոխում, ինչ ասեմ, եթե մարդիկ այդքան կարճ են մտածում: Ինձ համար իմ երկիրը մեկն է, գյուղ ու քաղաք չկա»:

«Կարող է կողմնակալ լինի իմ կարծիքը, բայց Արցախյան պատերազմի ցանկացած մարդու ցանկացած վայրկյան պետք է հիշել ու մեծարել: Ռոժդեստվենսկին իր բանաստեղծություններից մեկում Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների և զոհերի համար ժողովրդին է դիմում՝ ասելով. «Աղաչում եմ ձեզ, հիշեցեք նրանց, նրանք, որ երբեք էլ հետ չեն գալու, խնդրում եմ ձեզ՝ հիշեցե՛ք նրանց»: Հիմա Խանդոյանն այդ հետ չեկողներից է, բայց հավերժի ճամփորդ է: Ես չգիտեմ՝ ինքը հետո ինչ է արել, ինչ չի արել, բայց հերոս է: Միայնակ գայլ  հլը ասեք… Ով զենքը գցել է ուսն ու կռիվ գնացել, նա հերոս է»,- նշեց ԵԿՄ վարչության նախկին փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս