
«Մեր խնդիրն է պետական պաշտոնյայի այս «իշխանի և բդեշխի բարդույթը» փոխարինել «Հիսուսի բարդույթով». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականության մեծագույն նպատակը պետական պաշտոնյայի ինքնազգացողությունը, ինքնաընկալումը փոխելն է, ինչպես նաև պետական պաշտոնյանի նկատմամբ մարդկանց ընկալումը փոխելն է: Հատուկ քննչական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում եղել է, կա, շարունակվում է և դեռևս որոշ ժամանակ շարունակվելու է հետևյալը, որ Հայաստանում պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում, այսպես ասած, «իշխանի և բդեշխի բարդույթ», այսինքն՝ տիրողի բարդույթ: Եվ մեր խնդիրն է պետական պաշտոնյայի այս «իշխանի և բդեշխի բարդույթը» փոխարինել «Հիսուսի բարդույթով»: Ի՞նչ նկատի ունեմ՝ սա ասելով, որպեսզի պետական պաշտոնյան հասկանա, որ ինքը և՛ ծառա է, և՛ տեր է միաժամանակ: Որովհետև, այդ երկուսը մեկը մյուսից անջատելը պետական պաշտոնյանի կարգավիճակում չի լինի բավարար չափով օգտակար, որովհետև եթե մենք այնպես անենք, որ պետական պաշտոնյան միայն ծառայի չափանիշներով առաջնորդվի, սա նշանակում է նրան բերել մի վիճակի, որ ինքը ի վիճակի չէ կայացնել որոշումներ: Հետևաբար, ինչո՞վ է Հիսուսի կերպարը լավ, որ ինքը և՛ ծառա է, և՛ տեր է միաժամանակ: Նա ծառա է 100 տոկոսով և տեր է այնքանով, որ կարող է կայացնել որոշումներ և կարող է այդ որոշումների տրամաբանությունը բացատրել ուրիշներին և կարող է այդ որոշումների տրամաբանությունը հարազատ դարձնել ուրիշներին»,- եզրափակեց Փաշինյանը: