Մադրիդի կլիմայական գագաթնաժողով կայցելեն 196 երկրների ներկայացուցիչներ
196 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների 50 ղեկավարներ կմասնակցեն կլիմայի փոփոխությանը նվիրված COP25 խորհրդաժողովին, որը Մադրիդում կանցկացվի դեկտեմբերի 2-ից մինչեւ 13-ը:
Գագաթնաժողովը կբացեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը եւ Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը: Այդ մասին ասված է իսպանական կառավարության հաղորդագրության մեջ։
Ի թիվս այլոց Իսպանիայի մայրաքաղաք կժամանեն Արգենտինայի գործող նախագահ Մաուրիսիու Մակրին (այդ պաշտոնն զբաղեցնելու է մինչեւ դեկտեմբերի 10-ը ) եւ Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, եվրոպական 15 երկրների (այդ թվում՝ Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի) վարչապետներ, ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը (Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Բորելը եւ Միշելը պաշտոնապես իրենց պաշտոնները կստանձնեն դեկտեմբերի 1-ից) եւ Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասոլին:
ԱՄՆ-ից, որը պաշտոնապես ծանուցել է Փարիզի համաձայնագրից դուրս գալու մասին, կժամանի 16 կոնգրեսականներից ու սենատորներից բաղկացած պատվիրակություն՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորությամբ:
Բացի այդ, հանդիպմանը ներկա կլինեն Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) եւ Զարգացման միջամերիկյան բանկի ղեկավարները: Չիլին պաշտոնապես մնում է COP25-ի նախագահը, սակայն երկրում տիրող չափազանց բարդ իրադրության պատճառով միջոցառման անցկացման վայրը տաղափոխվել է Իսպանիայի մայրաքաղաք: Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան չի ժամանի Մադրիդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: