«Մեր հիմնական բացթողումը եղել է այն, որ մենք տարիներ շարունակ այս նախարարության վրա դրել ենք իր ուժերից վեր սոցիալական գործառույթներ». Արա Խզմալյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն ավարտել է մշակութային միջոցառումների, ծրագրերի համար դրամաշնորհային մրցույթների նոր պայմանների չափանիշների ձևակերպումները: Այսուհետև մրցույթները կկայանան բոլորովին այլ չափանիշներով: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց փոխնախարար Արա Խզմալյանը:
«Ես կարծում եմ, որ մեր հիմնական բացթողումը եղել է այն, որ մենք տարիներ շարունակ այս նախարարության վրա դրել ենք իր ուժերից վեր սոցիալական գործառույթներ։ Հիմա մենք հայտարարել ենք, որ աստիճանաբար գնալու ենք ամբողջական մասնագիտացման ճանապարհով: Այսինքն՝ մշակութային գործունեության և պետական միջոցներով միջոցառումներ և ծրագրեր կարող են անել պրոֆեսիոնալ կազմակերպությունները, հաստատությունները, անձինք: Մենք պետք է կարողանանք բեռնաթափել մշակույթը հենց սիրողական սոցիալական աջակցությունից»,-ասաց Խզմալյանը:
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք նախարարության՝ իբրև միջոցառումների կազմակերպման օղակ լինելն արդեն հնացած մոտեցում չէ՞, փոխնախարարը միանշանակորեն համաձայնեց: Նա նշեց՝ այդ ուղղությամբ քայլեր անում են: Խզմալյանը կարծում է, որ մշակութային քաղաքականությունը գրեթե նույնական է տեղեկատվական քաղաքականությանը:
«Եթե մենք չենք մշակելու տեղեկատվական քաղաքականություն, և մեկանգամյա միջոցառումների կյանքը չի շարունակվելու տեղեկատվական դաշտում, խնդիրներ ենք ունենալու: Իսկ տեղեկատվություն նշանակում է մշակույթի նկատմամբ հետաքրքրության բարձրացում: Այսինքն՝ մենք նաև պետք է տեղեկատվական ռազմավարությունների նախարարություն լինենք, նվազագույնս ուղղակիորեն միջամտենք ստեղծագործական գործընթացներին, բայց հստակ ունենանք մեր չափանիշները, թե պետական միջոցներն ինչ միջոցառումների, ինչ նախագծերի պետք է ուղղվեն: Մենք արդեն ավարտել ենք դրամաշնորհային նոր պայմանների չափանիշների ձևակերպումները: Եվ արդեն այս տարվանից մրցույթը կլինի բոլորովին այլ չափանիշներով»,-ասաց Խզմալյանը: