Ի վերջո խոսե՞լ են արդյոք ներկա և նախկին վարչապետները Մանվել Գրիգորյանի թեմայով. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ մամուլը գրեց, որ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպման ընթացքում նրանք խոսել են Մանվել Գրիգորյանի կալանքի տակ գտնվելու մասին:
Սարգսյանը նշել է, որ եթե Մանվել Սարգսյանին բանտում որեւէ բան պատահի, ողջ կյանքում բեռ է դառնալու իր խղճին: Փաշինյանն էլ պատասխանել է, որ ինքն էլ չի ցանկանա, որ նման բան լինի, ու ինքն էլ է մարդ, որ իր խղճին եւս կծանրանա եւ հավելել է, որ մի անգամ բաց է թողել, սակայն Գրիգորյանը, գտնվելով դրսում, իրեն սխալ է պահել, որ արդյունքում կրկին հայտնվել է կալանավայրում:
Մենք այս մասին փորձեցինք հարց ուղղել վարչապետի մամուլի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանին՝ ճշտելու, թե արդյոք եղե՞լ է նման հանդիպում, եւ արդյոք այն, ինչ ասում է պարոն Սարգսյանը, համապատասխանում է իրականությանը:
Չգիտես ինչու, Վ. Կարապետյանը բավականին ցավոտ ընդունեց հարցը՝ մեզ ասելով, որ խելքը գլխին հարցեր տանք:
Այնուամենայնիվ, պարոն Կարապետյանը պատասխանեց, որ դա անհեթեթություն է եւ իրականության հետ աղերս չունի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: