«Ես չեմ հավատում, որ Արսեն Թորոսյանը բարի Ձմեռ պապիկ է». Լիլիթ Թումանյան

ՀՀ Առողջապահության նախարարությունն առաջարկում է առողջապահության ապահովագրումը դարձնել պարտադիր ու համապարփակ և աշխատող անձանց եկամտի 4-6%-ը գանձել՝ որպես առողջապահության հարկ։

«Ապահովագիրներն ասում են, որ նման համակարգը չի աշխատի: Չի կարող աշխատել մի համակարգ, որտեղ ապահովագրողը, բուժհաստատությունները և ծառայություն մատուցողները մեկ միավոր են:  Երբ բիզնեսի տեսանկյունից գոյություն չունի շահերի բախում՝ ոչ այս, ոչ մյուս կողմը շահագրգիռ չեն պահպանել պատշաճ որակ: Ի՞նչ է տեղի ունենում, երբ կա միջանկյալ ապահովագրող մասնավոր ընկերություն:  Մասնավոր ընկերությունները փորձում են լինել մրցունակ, ներգրավում են մեծ թվով սպասարկվողներ: Դրա համար անհրաժեշտ է բարձր որակ:  Ըստ այդմ՝ ապահովագրական ընկերությունը  ստանում է բազմաթիվ սպառողներ, շահառուներ, որոնք  գալիս և իրենից գնում են այդ փաթեթները: Ես չեմ հավատում, որ ՀՀ Առողջապահաության նախարար Արսեն Թորոսյանը բարի Ձմեռ պապիկ է, որը նստած մտածում է բոլորի բարօրության մասին: Նա ավելի շատ մտածում է տվյալ ոլորտում ավելի մեծ քանակի գումար ներգրավելու մասին: Այ սրան կհավատամ»,- լրագրողների հետ հանդիպման  ժամանակ ասաց «Ադեկվատ» հ/կ նախաձեռնության անդամ, Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը:

«Սոցիալական արդարության խնդիր կա, որովհետև այսօրվա դրությամբ մենք չենք կարող վստահությամբ ասել, որ բոլոր աշխատանքային խմբերը և գումարները բացառապես դուրս են ստվերից: Մենք վստահ չենք, որ կան մարդիկ, ովքեր  ազատված չեն հարկերից, օրինակ՝ նույն տաքսիստները: Մարդիկ ասում են՝ ինչո՞ւ սոցիալական  արդարությամբ չի արվում: Վաղ թե ուշ այս համակարգը հանգեցնելու է նրան, որ առաջանալու է սոցիալական  շերտավորում, և մարդիկ սկսելու են իրար ատել, որովհետև կոպիտ, փողոցային լեզվով ասած՝ դու ուտում ես իմ գրպանի փողը, դու չես աշխատում, ոչինչ չես անում, իսկ ես աշխատում եմ, վճարում եմ իմ 30 տոկոս հարկերը, դեռ  քոնն էլ պետք է վճարե՞մ, ինչի՞ համար: Ես ռացիոնալ մոտեցում եմ ուզում:

Կարելի է, օրինակ, քննարկել փուլային փաթեթներ, օրինակ՝ բազային փաթեթի համար այն մարդիկ, ովքեր չեն աշխատում, վճարում է պետությունը, ոչ թե ես, իսկ ով ստանում է մինչև 150.000 դրամ, ունենում է բազային, գումարած փաթեթիկ, իսկ ով 700.000-ից ավելի է վաստակում՝ պայմանական «գոլդ» քարտ: Եվ այնտեղ արդեն ներառվում են թանկարժեք վիրահատություններ, որոնք ներկայիս պետական ապահովագրությունը չի ապահովում: Ամեն ինչ հնարավոր է  անել՝ միայն աստիճանաբար: Իսկ այն ապահովագրական համակարգի մասին, որ խոսում է Արսեն Թորոսյանը, այն զարգացած երկրները, որ ինքն օրինակ է բերում, սկզբից ֆոնդեր են կուտակել, նոր անցել են պահովագրության համակարգ: Իր ասած համակարգը, հնարավոր է՝ աշխատի 40 տարի հետո»,- ասաց նա:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս