Հավանություն տրվեց զինվորական ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագծին
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց զինվորական ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագծին: Այս մասին օրենքի նախագիծը քննարկվեց հանձնաժողովի նոյեմբերի 28- նիստում:
ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում հավանություն էր տրվել կառավարության մշակած նախագծին, որը ներկայացրել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:
«Երբ զինվորական ծառայության ընթացքում ստացվել է վնասվածք, խեղում կամ հիվանդություն, և դրա հիմքով դիմել են ՊՆ-ի դեպքում կենտրոնական ռազմական հանձնաժողով, Ոստիկանության դեպքում՝ իր համապատասխան հանձնաժողովը, տրվել է այդ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետ կապված զինվորական կապ, որը ներկայացվել է մեր բժշկասոցիալական հանձնաժողովին, որը և նշանակում է հաշմանդամության կարգը, բայց դա տրվել է ծառայությունից ազատումից հետո հինգ տարի ժամկետով: Մենք դեպք ենք ունեցել, որ 2000 թ. մարդը դուրս է եկել ծառայությունից, բայց 2018 թ. է դիմել հաշմանդամության կարգի հետ կապված, և պատճառական կապ է առաջացրել։ Եվ քանի որ օրենքում նշված է, որ հինգ տարուց հետո չենք կարող զինվորական պատճառական կապ տալ, և միայն աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակ ենք կարող նշանակել, ՍԴ-ն որոշել է, որ սա հակասում է Սահմանադրությանը, և մենք հանում ենք այդ կարգավորումը»,- նշել է Գասպարյանը: