«Հայտնվել են թակարդի մեջ. կարող են անգամ Գլխավոր դատախազ բռնել». Գառնիկ Իսագուլյան
Այն քրեական գործը, որը հարուցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, բացարձակապես կապ չունի մարտի 1-ի հետ, լրագրողներին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Ըստ նրա՝ գործող իշխանությունը հայտնվել է իր իսկ ստեղծած թակարդի մեջ:
«Մարտի 1-ի զոհերի դիակները իրենց տերերից առավ իշխանությունը 30 մլն-ի դիմաց: Ինչո՞ւ են բերում նրանց դատարանում նստեցնում Սեդա Սաֆարովի և մյուսների հետ միասին՝ ես մինչև հիմա չեմ հասկանում: Թող հատուկ քննչական ծառայությունը զբաղվի, տեսնի, թե զոհերից որ մեկի կապերը մինչև ո՞ւր են տանում: Գոռ Քլոյանը, օրինակ, ըստ տեղեկությունների, եղել է Նիկոլ Փաշինյանի մտերիմ գործարարներից մեկի «ախրաննիկը», մեկը չգիտեմ ում բարեկամն է եղել»:
Գառնիկ Իսագուլյանը պնդում է, որ այս դատավարության վրա ուշադրություն սևեռել՝ հույսով, որ ինչ-որ բան բացահայտվի, պետք չէ: Ըստ Իսագուլյանի՝ գործող իշխանությունը «շոու» է ապահովում:
«Հայտնվել են մի թակարդի մեջ, որից դուրս գալու, ժողովրդին շոուով ապահովելու համար կարող են գնալ գլխավոր դատախազ բռնել, ինչ-որ մեկին բռնեն, անկապ մարդկանց, ցույց տալու համար, որ աշխատանք են անում, որ բացահայտեն: Վերջում կասեն, որ մեկի ցուցմունքը, որը ինչ-որ մի տեղ կմահանա, կամ արդեն մահացել է, չկա, մենք չենք կարողանում սպանողներին հայտնաբերել»:
Գառնիկ Իսագուլյանը վստահ է՝ Ռոբերտ Քոչարյանին պատանդ են պահում, և քանի դեռ այս իշխանությունը գործում է, Ռոբերտ Քոչարյանը մնալու է կալանքի տակ:
«Մարտի 1-ի մեջ այդ ժամանակ գործող իշխանությունները որևէ մեղավորություն չունեն, հիմնական մեղավորությունը նրանցն է, ովքեր իրենց հայտարարեցին իշխանություն ու ժողովրդին դուրս հանեցին, իսկ իրենք գնացին մտան տները: Գործող իշխանությանը մահերը ձեռք չէին տալիս»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ