Բաժիններ՝

Արցախի պետնախարարը ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակության առթիվ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հանգանակության առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն 28-րդ տարին է՝ համախմբվելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ՝ յուրաքանչյուր հայ Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում իր նվիրումն ու ներդրումն է ունենում բազմաթիվ հիմնահարցերի լուծմանը: Դա առավել ընդգծվում է համազգային հանգանակության օրը, երբ յուրաքանչյուրս մեր բաժին մասնակցությամբ տեր ենք կանգնում համազգային նպատակների իրականացմանը: Պարզապես հիշենք նախորդ տարիներին իրականացվածը. ճանապարհների, կրթօջախների, համայնքային նշանակության կառույցների շինարարություն, բազմազավակության խթանման ծրագիր, կենսական նշանակության ջրի խնդրի լուծում Արցախի ու Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում:

Վերջապես, համայն հայության ջանքերի շնորհիվ էր նաև իրագործվել Թալիշի վերածնունդը: Ապրիլյան առճակատումից հետո սահմանապահ գյուղը կրկին վերագտել է հավատն ու արժանապատվությունը: Արցախի կառավարության ու «Հայաստան» հիմնադրամի համաֆինանսավորմամբ գյուղում բնակարաններ, դպրոց ու մանկապարտեզ, համայնքային կենտրոն է կառուցվել, անցկացվել անհրաժեշտ ենթակառուցվածքները, որպեսզի թալիշցին նորից ամրանա իր բնակավայրում: Եվ ահա, մի քանի շաբաթ առաջ Թալիշում կրկին հնչել է դպրոցական զանգը…

Պատահական չէ, որ Արցախում ընդգծված երախտագիտությամբ են վերաբերում համահայկական կառույցի գործունեությանը: Իսկ նվիրատուների վստահության մեծ չափաբաժինը, որը հիմնադրամը վաստակել է իր գործունեության այս տարիների ընթացքում, նոր նախաձեռնությունների իրագործման ճանապարհը դարձնում է ավելի դյուրին ու իրատեսական: Եվ այս տարի, մեր մասնակցությունը բերելով ազգային նվիրատվությանը՝ կապահովվենք կենարար ջրի ու արևային էներգիայի հոսքը մեր բնակավայրեր:

Մենք կարող ենք ավելին, ու կարողություններն այդ բազմապատկվում են, եթե մեր ջանքերը համատեղում ենք:

Արցախի մեր հայրենակիցներին կոչ եմ անում մասնակցելու համահայկական դրամահավաքին և միասնական ջանքերով զարգացնելու մեր համայնքները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ